Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում, պատասխանելով լրագրողների՝ պալիատիվ բժշկության ներդրմանը վերաբերող հարցին, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասել է.

«Ամոքիչ (պալիատիվ) խնամքը բժշկության մարդասիրական և կարևոր ուղղություն է վերջնական չբուժվող պացիենտների կյանքի երկարացված վերջին հատվածը հնարավորինս անցավ և հարմարավետ դարձնելու գործում։ Հիվանդները մի կողմից ստանում են կյանքը երկարացնելու հնարավորություն, մյուս կողմից՝ համակողմանի աջակցություն։ Դրանում նախատեսում է ինչպես ցավազրկում, այնպես էլ՝ հոգեկան աջակցություն։ Ինչպես հայտնի է, այդ հիվանդները, գտնվելով ծանր վիճակում, հիմնականում խոսելով իրենց հիվանդության մասին՝ ավելի են դժվարացնում սեփական կյանքը»։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը նշել է, որ Հայաստանում պալիատիվ բժշկության ծառայությունը նախատեսվում է ներդնել առողջության առաջնային պահպանման օղակում։ Սկզբնական շրջանում ծառայությունը կմատուցվի վճարովի հիմունքներով, քանի որ պետական  բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն։

«2018 թվականին Հայաստանում կկազմակերպվեն առաջին 10-15 կենտրոնները, իսկ 1-ը՝ Արցախում։ Վերջինս թույլ կտա Արցախում բարձրացնելու ուռուցքային և բազմակի վնասվածքներով հիվանդների կյանքի որակը»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։