ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հայկական ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց է տվել, ուր ի թիվս այլ բաների կիսվել է սեփական խոհերով` վերաբերող ոչ վաղ անցյալում Հայաստանում անցկացված ՏԻՄ ընտրություններին:

Այսպես` Ռաֆիկ Գրիգորյանը լրագրողի այն դիտարկմանը, թե տեղական ինքնակառավարման մարմինների կարևորությունը հիշվում է այն ժամանակ, երբ ընտրությունները մոտենում են, քանի որ նրանք ընդամենը ՀՀԿ-ին ձայն ապահովող գործիքներ են, արձագանքել է, թե` ցույց տվեք մի քաղաքական ուժ, որը մասնակցել է ՏԻՄ ընտրություններին և որոշակի տոկոսով չի ընտրվել: Իրենք չեն մասնակցում, հետո սկսում են դժգոհել, թե հաղթում են միայն ՀՀԿ-ականները` այսպիսով, ըստ էության, ջանալով ընտրություններին ընդդիմության շարունակական պարտությունների ողջ մեղքը բարդել նույն ընդդիմության վրա:

Իհարկե, այս դրվագում հանրապետական պատգամավորն իրեն որպես կուսակցական ջանացել է դրսևորել առավելագույն էֆեկտիվությամբ` ի ցույց դնելու իր նվիրվածությունը ՀՀԿ-ին, սակայն արդյունքում ստացվել է չափազանց հակասական մի պատկեր, ու եթե առաջնորդվելու լինենք սույն ՀՀԿ-ականի տրամաբանությամբ, ապա կստացվի, որ բոլոր այն հանրահայտ հակաժողովրդավարական դրսևորումներն ու երևույթները, որոնք, անվիճելի է, տարիներ շարունակ ընկած են եղել ընդդիմության շարունակական տապալման հիմքում, բացարձակապես ոչ մի կապ չունեն խնդրո առարկայի հետ, ու բացառապես ծուլության, թամբալության արդյունքում է, որ ընդդիմության ձայնն այպես էլ լսելի չի լինում Հայաստանում` մանավանդ ՏԻՄ ընտրություններին, որոնք, ինչպես հայտնի է, մշտապես աչքի են ընկել իրենց խոցելիությամբ:

Բայց նույնիսկ եթե պատգամավորը ճիշտ է` ուղղակի ենթադրենք, ու ՀՀԿ-ի հաղթանակը պայմանավորված է միմիայն ընդդիմության ծուլությամբ, ապա սա նույնպես ոչ մի կերպ չի վերացնում նույն ՀՀԿ-ի մեղքի չափաբաժինը. այդ ծուլությունը, որի մասին խոսում է նախկին մարզպետն, արդյունք է հուսահատության ու այն համոզմունքի, որ միևնույնն է, ՏԻՄ ընտրություններն այն հարթակը չեն, որում հնարավորություն ընձեռնվի ընդդիմությանը հաղթանակ տանել:

Իրականում Գրիգորյանի ասածը կատարյալ նոնսենս է ու ոչ մի քննադատության չի դիմանում. ընդդիմության պարտության պատճառը ոչ թե ծուլությունն է, այլ միգուցե բավարար ֆինանսական ռեսուրսներ չունենալը ու անկարողությունը` փողին ավելի շատ փող հակադրելու, արդյունավետ քարոզչություն իրականացնելու, ձայների փոշիացումն ու ընտրակեղծիքները կանխելու:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ