«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով թռչնամսի շուկայում առկա մի շարք ապրանքատեսակներ վտանգավոր և սննդում օգտագործման համար ոչ պիտանի է համարել: Ցուցակում տեղ է գտել նաև Սարատովի թռչնակոմբինատ Կուռնիկով ՍՊԸ–ի «Պրեմիում» սառեցված հավի կրծքամիսը, որն արտադրված է ՌԴ–ում: Ներմուծող ընկերության հիմնադիր տնօրենը քայլը վարկաբեկման փորձ է համարում:

«Երեք նմուշ էին վերցրել՝ երկու հավ և մեկ կրծքամիս: Մենք վերցրել ենք նույն երեքը և ևս երկու անուն ապրանք և տարել անկախ լաբորատորիա՝ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ: Դեկտեմբերի 14–ին պատասխան ստացանք, ըստ որի հինգ նմուշների մեջ որևէ բան չի հայտնաբերվել, և համապատասխանում են բոլոր նորմերին: Նույն օրը ՍԱՊԾ աշխատակիցները մեզ զանգով տեղեկացրեցին, թե այդ երեք նմուշներից կոնկրետ հավի մեջ սալմոնելա կա: Գնացի ու երբ ասացի, որ ես էլ փորձաքննության արդյունքներ ունեմ, զարմացան: Ես փաստերը ցույց տվեցի: Այնուամենայնիվ, հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ ոչ թե հավի, այլ կրծքամսի մեջ կա: Հետո ես ասացի, որ դրա փորձաքննությունն էլ ունեմ ու ներկայացրեցի բոլորը»,–«Փաստ»–ի հետ զրույցում պատմեց ընկերության հիմնադիր Էդմոն Գիգոլյանը:

Նա ընդգծեց նաև, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ–ի սննդամթերքի անվտանգության փորձարկման լաբորատորիան լաբորատոր փորձարկումները կատարել է սխալ մեթոդներով, արդեն չեղարկված ԳՕՍՏ–երով. «Դա սխալ եզրակացությունների առիթ է դարձել: Իսկ արդյունքում մեզ վարկաբեկում են: Հասկանում են, որ բնակչությունը «5+» է նշանակել մեր կազմակերպությանը, որն իրենց դուր չի գալիս: Շատերին խանգարում ենք, քանի որ կարողանում ենք և՛ մատչելի, և՛ որակյալ ապրանք առաջարկել, ինչի արդյունքում որոշ մարդիկ գերշահույթ չեն կարողանում ստանալ: Հիմա պետք է նման բաներ կազմակերպեն, որ Նոր տարվա շեմին ժողովրդին մոլորության մեջ գցեն: Իսկ ինչո՞ւ ամռանը կամ գարնանը չարեցիք, ինչո՞ւ հենց դեկտեմբերին: Պարզապես, որ Ամանորի նախաշեմին մեր ընկերությունը չկարողանա առևտուր անել»:

Հիմնադիրը մյուս ընկերություններին էլ անդրադարձավ: «Տեսեք, իրենք նաև Ուկրաինայից և Բրազիլիայից ներմուծված ապրանքների մասին են նշել: Ենթադրենք, ՌԴ–ում սխալ եզրակացություն են տվել և ես բերել, իրենց խաբել եմ: Շեշտում եմ՝ ենթադրենք, քանի որ իրականում ես ունեմ բոլոր խմբաքանակների վերաբերյալ եզրակացությունները, անասնաբուժական թույլտվություններն ու սերտիֆիկատները:

Բայց լավ, մյուսներին ի՞նչ պատասխան են տալու: Տնտեսվարողը ասում է՝ Բագրատաշենի անցակետում կարգադրագիր ես տվել, որ չվաճառեմ, մինչև լաբորատոր փորձաքննություն չունենամ: Լաբորատոր փորձաքննությունն էլ անում է ՍԱՊԾ–ի նույն պետական լաբորատորիան, ինչը նաև վերոնշյալ փորձաքննությունն է արել: Փաստորեն, այն ժամանակ տվել է եզրակացություն, թե խնդիր չկա, վաճառիր: Մարդը վաճառել է ու վաճառելու ժամանակ նորից գնացել ու ասում է՝ մի հատ էլ նմուշ տուր»,–ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ երրորդ երկրներից բերված ապրանքների դեպքում մինչև ՍԱՊԾ–ն նմուշառում չի անում, վաճառքը չի թույլատրում:

«Հիմա նույն Բրազիլական ու Ուկրաինական ապրանքների պարագայում կամ այն ժամանակ են սխալ ասել, կամ հիմա: Ինչպե՞ս է ստացվում, որ նույն լաբորատորիան սահմանին ներկրելու ժամանակ ասում է, թե ապրանքը մաքուր է, վաճառքը՝ թույլատրելի, բայց հիմա փորձանմուշ է վերցնում ու ասում, որ վատն է: Բա որ վատն էր, ինչո՞ւ թողեցիր ներկրի»,–նշեց նա:

Էդմոն Գիգոլյանը հավելեց, որ հիմնադրման ժամանակ իրենք շատ խոչընդոտների են հանդիպել: «Նույն ՍԱՊԾ–ն այն ժամանակ ամեն ինչ արեց, որ մեր մեքենաները 20 օրով կանգնեն, մինչև փորձաքննություն լինի և այլն: Ամեն ինչ արեցին: Այս մեկ տարվա մեջ 4 անգամ հարկային ստուգում է եղել: 4 անգամ եկել ու որևէ խախտում չեն գտել: Ամեն ինչ անում են, որ կազմակերպությունը երկրում տեղ չունենա, որովհետև հասկանում են՝ շատերին է խանգարում:

Ես գնացի ՍԱՊԾ ու ասացի, որ մեր ու իրենց ասածները չեն համընկնում, եկե՛ք հանձնաժողով կազմենք, նոր փորձաքննություն անենք, մեր անունը մի հրապարակեք, որովհետև դա ձեր վրա հետո ծանր է նստելու: Բայց գնացի, արդեն ասուլիսն արել էին, հայտարարելունն էլ՝ հայտարարել: Իրենց հետաքրքիր չէ, թե տնտեսվարողն ինչ ներդրում է արել, քանի միլիոն հարկ է տալիս: Իրենց հետաքրքիր է, թե ում հետ են ընկերություն անում և ում անունն է պետք հրապարակել, ումը՝ ոչ:

Եթե պետք է, որ մեր կազմակերպությունը փակվի, թող այդպես լինի... Բայց արդարությունը մեզանից է սկսվելու: Մեկը պետք է բարձրաձայնի՞, թե ոչ»,– վրդովված ասաց Է. Գիգոլյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում