Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի գլխավոր քարտուղար Դանիել Հաննանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև կնքված համաձայնագրին: Հարցին, թե ՀՀ իշխանությունները մշտապես նշում են, թե Հայաստանը կարող է կամուրջ լինել ԵԱՏՄի և ԵՄ-ի միջև, արդյո՞ք կա նման հեռանկար, Հաննանը պատասխանել է. «Կարծում եմ, որ ոչ, որովհետեւ Մաքսային միությունը բացառում է նմանօրինակ հնարավորությունները: Ինչ վերաբերում է համաձայնագրի արդյունքներին, ըստ Հաննանի. «Այս համաձայնագիրը Ձեզ ոչինչ տալ չի կարողանա, եթե Դուք ներքին փոփոխություններ չիրականացնեք»: Նա նաև նշել է, թե ՀՀ-ն լիովին ազատ չէ իր որոշումներում, այլ կախված է ՌԴ-ից:
 
Նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ՀՀ իշխանությունները, իշխանամետ ուժերն ու լրատվամիջոցները պարբերաբար ներկայացնում են որպես «արդեն երկար տարիներ Հայաստանի որդեգրած «և, և»-ի հաղթանակ», այսինքն Հայաստանի կողմից և՛ եվրասիական, և՛ եվրոպական կողմի հետ բալանսավորված հարաբերություններ ստեղծելու հաջողության պատմություն։ Մինչ օրս ԵՄ-ից եկող ազդակները նույնպես լավատեսական էին, այս առումով Հաննանի անկեղծացումը կարելի է համարել սառը ցնցուղ ՀՀ իշխանությունների համար: Այսինքն Հաննանը թե ՀՀ իշխանությունների, թե հայ հասարակության ուշադրությունն է հրավիրում հետևյալ իրողության վրա: ԵԱՏՄ հետ ինտեգրումը և ԵՄ հետ հարաբերությունների զարգացումը էապես տարբեր երևույթներ են՝ հակադիր բևեռներ, քանի որ չի կարող նույն երկիրը միաժամանակ լինել և՛ ավտորիտար, և՛ ժողովրդավար։ Այս կոնտեքստում կարող է լինել միայն «կամ-կամ»՝ կամ Հայաստանը շարունակում է կրկնօրինակել բելառուսական, ռուսական ու ղազախական կառավարման մոդելներն ու մերձենալ մարդու իրավունքները չհարգող այս ավտորիտար խմբակի հետ, կամ իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումներ ու իսկապես ստեղծում ամուր կապեր Եվրոպայի հետ, որովհետև ԵՄ սկզբունքները հիմնված են հենց այդ արժեքների վրա։ Հաննանը նորություն չի ասել, պարզապես առաջարկել է իշխանություններին ավելի սթափ գնահատել իրականությունը: Ընդ որում, այդ կոչին պետք է հետևեն նաև Հայաստանի՝ արդեն մեկ ոտքով իրենց ԵՄ-ում զգացող քաղաքացիները:
 
Ստելլա Խաչատրյան