ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը, ով Հայաստան է այցելել դեկտեմբերի 13-18-ն անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում, կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը դրական անդրադարձ կունենա նաեւ ամբողջ տարածաշրջանի վրա:

Նա այս մասին հայտարարեց Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը:

«Ցավում եմ, որ ավելի քան քսանհինգ տարի է անցել, սակայն հակամարտությունը դեռեւս լուծված չէ: Հայաստանի եւ Ադրբեջանի համար սա կարեւոր է միասին աշխատելու հարցում: Ես գոհ եմ, որ վերջերս չորս նախարարները հանդիպեցին Վիեննայում, հոկտեմբերին հանդիպեցին նաեւ նախագահները: Կարծում եմ, որ սա գերազանց է: Ես կարող եմ իմ գոհունակությունը հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նման բարձր մակարդակով ներգրավված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաեւ ֆրանսիական կողմի հետ: Ես՝ որպես ՆԱՏՕ-ի նախագահության  ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ մենք  պարզապես հույս ունենք տեսնելու նոր  պահ ճգնաժամը լուծելու հարցում»,-ասաց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ ընդգծելով, թե գոհ են գործադրվող դիվանագիտական ջանքերի համար, եւ հույս հայտնեց, որ դրանք շուտով արդյունք կտան: