Ֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը խորը քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին: Nouvelles d’Armenie պարբերականին տված հարցազրույցում շանսոնյեն  անընդունելի է համարել այն, որ Հայաստանում փոքր զանցանք կատարողները առավելագույն պատժի են ենթարկվում, իսկ իրական հանցագործները մնում են անպատիժ. «Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ»,- նշել է նա:

Անդրադառնալով Շառլ Ազնավուրի քննադատությանը, քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, որ Շառլ Ազնավուրը կամ նրա ընտանիքի անդամներից մեկը քննադատում է Հայաստաի իշխանություններին. «Ինչպես շանսոնյեն, այնպես էլ նրա դուստր Սեդա Ազբնավուրը քննադատության ենթարկեց մեր իշխանություններին: Շատ ողջունելի է, որ այնպիսի մի անձնավորություն, որն ունի համաշխարհային ճանաչում և իրոք ճանաչելի է դարձնում հայ ժողովրդին համաշխարհային հանրության մոտ, իր կարծիքն է հայտնել: Շատ ուրախ եմ, որ ունենք մեր ազգը ներկայացնող առողջ դատողությամբ նման մտավորական: Շառլ Ազնավուրն ասել է մի բան, որի մասին բոլորս գիտենք: Այս հակակոռուպցիոն արշավը, որը սկսվել է վերջին շաբաթներին, հուսանք՝ իր արդյունքը կտա:

Թե չէ՝ ինչպես նշեց Ազնավուրը՝ 2 ձու գողացողին կարող են բանտարկել, իսկ միլիոնններ գողացողին անպատիժ թողնել: Վառ օրինակը Շիրակի պետհամալսարանն է»,- նկատեց Համբարյանը՝ ավելացնելով, որ հասարակությունն այս ամենից հիասթափվում է և պայքարի վատ տարբերակն ընտրելով, լքում է  հանրապետությունը:Image result for գագիկ համբարյան

Գագիկ համբարյանը նշեց՝ Սերժ Սարգսյանը Դիլիջանում տեղի ունեցած ՏԻՄ հանդիպման ժամանակ ևս խոսեց այդ անօրինությունների մասին՝ ասելով, որ կաշառակերությունը, հովանավորչությունը, պետական գումարների հետ սեփական գումարների պես վարվելը քաղցկեղի պես տարածվում են: 

Քաղաքագետի խոսքով՝ Շառլ Ազնավուրի ասածը զարմանալի չէր, սակայն այնքանով է կարևոր, որ ի տարբերություն շատերի, նա համաշխարհային մասշտաբի անձնավորություն է, որի ձայնը լսելի և կարևոր է բոլորի համար:

Հարցազրույցի ընթացքում Շառլ Ազնավուրն անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախկին և ներկա նախագահներին՝ Ֆրանսուա Օլանդին և Էմանուել Մակրոնին:

«Պետք է դեռ թողնել, որ նա աշխատի, պետք է վստահություն ցուցաբերել նրա հանդեպ», – ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ ինքը մտադիր է Հայաստան հրավիրել Մակրոնին․ – «Մի հրավեր, որը պետք է նախապատրաստել այնպես, որ այն օգտակար հանդիսանա Հայաստանի համար»,- ասել է շանսոնյեն:

Անդրադառնալով Ազնավուրի՝ Մակրոնին Հայաստան հրավիրելու հայտարարությանը, Համաբարյանը նշեց, որ դա շատ մեծ գործ է կլինի, որը կանի Շառլ Ազնավուրը և Ֆրանսիայի նման գերտերության նախագահի այցը Հայաստան՝ մեծ իրադարձություն կլինի մեզ համար. «Չմոռանանք՝ Ֆրանսիան այն եզակի եվրոպական երկրներից է, որը երբևիցե չի թաքցրել իր համակրանքը Հայաստանի ու հայերի նկատմամբ: Այդ ամենում սփյուռքահայության և հատկապես ֆրանսահայության և Շառլ Ազնավուրի նման մարդկանց դերակատարութունը մեծ է: Էմանուել Մակրոնի այցը չափազանց կարևոր է մեր երկրի համար, հատկապես, որ վերջին շրջանում օտարերկրյա լիդերների, գերտերությունների ղեկավարների այցեր գրեթե չեն լինում»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ մեխանիկորեն այդ այցի կազմակերպումն ավելի կսերտացնի հայ-ֆրանսիական հարաբերությունները և էլ ավելի կբարձրացնի Հայաստանի վարկանիշը:

Սոնա Հարությունյան