ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը, ով Հայաստան է այցելել դեկտեմբերի 13-18-ն անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում, դրական է գնահատում Հայաստանի հետ համագործակցության 25 տարիները:

«Մենք այնքան շատ աշխատանք ենք արել այս տարիների ընթացքում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ ասել, թե ինչքան եմ գնահատում մեր համագործակցությունը: Հայաստանը մեր միակ գործընկերն է, որ կայուն կերպով խաղաղապահ զորքեր է ուղարկում Կոսովո եւ նաեւ կարեւոր աջակցություն է ցուցաբերում Աֆղանստանին: Հայաստանը նաեւ այն երկիրն է, որը պատրաստ է հասանելի դարձնել նաեւ ռազմաբժշկական եւ այլ ստորաբաժանումները: Սա իսկապես շատ գնահատելի է, եւ դարձնում է այս համագործակցությունն առավել ամուր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Ռոուզ Գոթեմյոլլերը նշեց, որ 2018 թվականի հուլիսին նրանք պատրաստվում են Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովին ՝ կենտրոնանալով ՆԱՏՕ-ի համար կարեւոր երկու տարբեր առաջադրանքների վրա:

«Առաջին առաջադրանքն է՝ շարունակել մեր դաշնակիցներին պաշտպանական աջակցություն ցուցաբերելը, իսկ երկրորդը ուղղությունը մենք անվանում ենք կայունության նախագծում: Դա նշանակում է, որ մենք աշխատում ենք մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ պայքարելու վերջին մարտահրավերների, ահաբեկչության դեմ»,-եզրափակեց ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան: