«Ժամանակ» թերթը գրում է.

«2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության, իսկ հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու հնարավոր հեռանկարի խնդրում մի բան ակնհայտ է, որ չկա այսպես ասած սահմանադրական կամ օրենսդրական արգելք: Սահմանադրությունը, օրենքը Սերժ Սարգսյանին չեն արգելում նախագահի պաշտոնում երկու ժամկետից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Ըստ այդմ առաջանում է հարց, թե ինչն է այդօրինակ հնարավոր զարգացման դեպքում խնդիրը՝ զուտ անձնական անընդունելիությո՞ւնը, թե՞ կան այլ գործոններ ու հանգամանքներ, որոնք խնդիր են առաջացնում Սարգսյանի վարչապետական հեռանկարի պարագայում:

Իրավիճակը իսկապես բազմիմաստ է, հատկապես, երբ նկատի ենք առնում այն, որ անցում է կատարվում խորհրդարանական կառավարման մոդելի եւ այդ իմաստով առաջնային մանդատը իշխող կուսակցությանն է, ոչ թե կոնկրետ պաշտոնատար անձի: Հետեւաբար առաջանում է նաեւ մյուս հարցը՝ վարչապետը քաղաքական իշխանության նշանակովի ներկայացուցիչ է եւ մեծ հաշվով ենթակա է խորհրդարանական մեծամասնությանը, ըստ այդմ առկա է նաեւ հարցը զուտ քաղաքական իմաստով՝ ավելի կարեւոր է այն, թե ով է վարչապե՞տը, թե՞ ով է ՀՀԿ, այսինքն՝ իշխող մեծամասնության առաջնորդը: Որովհետեւ, դիցուկ պատկերացնենք իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը չի դառնում վարչապետ, այդ պաշտոնը զբաղեցնում է որեւէ այլ անձ՝ կամ ներկայիս վարչապետը, կամ նշանակվում է մեկ այլ գործիչ, բայց Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, ասել է թե ՀՀԿ մեծամասնության նախագահը:

Խորհրդարանական մեծամասնությանը հաշվետու վարչապետը գործնականում պետք է գնա այն ուղղությամբ, որը կարժանանա այդ մեծամասնության հավանությանը: Մի կողմից թվում է, որ դե յուրե իշխանություն ունեցող վարչապետը կարող է ժամանակի ընթացքում չեզոքացնել դե ֆակտո իշխանություն ունեցող Սերժ Սարգսյանի ազդեցությունը, եւ ըստ այդմ էլ կարեւոր է դառնում, որ Սերժ Սարգսյանը չմնա դե յուրե իշխանության: Այդ հանգամանքը անկասկած ունի նշանակություն, սակայն այստեղ կա թերեւս մի նուրբ հարց: Այդ ընկալումը՝ դե յուրե իշխանության ազդեցության մասով, գործնականում գալիս է նախագահական կամ կիսանախագահական մոդելից, երբ գործող նախագահը փաստացի առավել ազդեցիկ մանդատի եւ իշխանության տեր է: Հետեւաբար, այդ հարաբերակցությունը առանցքային է դարձնում դե յուրե իշխանության լծակ տիրապետելու հանգամանքը:

Ներկայիս մոդելում առաջնային դե յուրե մանդատը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը, այսինքն՝ դրանից բարձր չկա իշխանական մանդատ, իսկ առավելագույնը կարող է լինել անվտանգության խորհրդի մանդատը, որն էլ բազմաբեւեռ կառույց է, այսինքն՝ որոշումների կայացման կոլեգիալ մարմին: Այլ կերպ ասած՝ որքան էլ ժամանակի ընթացքում իշխանության հարաբերությունների իներցիոն, հոգեբանական ընկալումը բերելու է Առաջին դեմքի գերակայության ընկալման՝ ինչն էլ աստիճանաբար կարող է Սերժ Սարգսյանի, այսպես ասած, ճանաչումը փոխարինել ի դեմս նոր վարչապետի Առաջին դեմքի դե ֆակտո ճանաչման, նույնքան էլ ժամանակի ընթացքում առկա է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների մոտ սեփական կարգավիճակի առաջնայնության, առաջնային մանդատի տեր լինելու հանգամանքի ընկալումը ժամանակի ընթացքում: Իսկ դա կբերի վարչապետ-պատգամավոր հարաբերության ընկալման փոփոխության, իշխանության վրա դրանից բխող ազդեցությամբ, հետեւաբար նաեւ այդ ազդեցության ներհամակարգային տարածմամբ:
Native ads by Caramel

Ըստ այդմ, պնդումը, որ դե յուրե իշխանությունը ժամանակի ընթացքում բերելու է ՀՀԿ նախագահի պաշտոնում դե ֆակտո իշխանության անվերապահ չեզոքացման, ամենեւին միարժեք չէ եւ իրավիճակը ամենեւին պարզունակ չէ: Անկասկած, առաջնային մանդատի գիտակցումը փոփոխություն է բերելու ոչ միայն վարչապետ-պատգամավոր, այլ նաեւ կուսակցապետ-պատգամավոր հարաբերությունների համակարգում, սակայն աներկբա է, որ իրավիճակը Հայաստանի իշխող համակարգում մտնում է լիովին այլ, բոլորովին նոր տրամաբանության շրջանակ, որը բերելու է հոգեբանության եւ ներքին հարաբերությունների կառուցվածքի էական փոփոխությունների:

Այդ տեսանկյունից, որքան էլ առերեւույթ առկա է համոզում, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը նախապատրաստում է իր վարչապետությանը՝ իսկ այդ հեռանկարը, անկասկած, ոչ միայն բացառելի չէ, այլ նաեւ քիչ հավանական չէ, այդուհանդերձ խորքային առումով իրավիճակը զարգանում է մի տրամաբանությամբ, որը հիմք է տալիս այլ եզրակացության. Սարգսյանն ավելի շուտ համակարգը նախապատրաստում է իր դե յուրե իշխանություն չլինելուն: Դա նշանակում է, որ բուն իշխանության խնդրում հնարավոր դասավորություններն ու զարգացումները հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել կամ դիտարկել հին համակարգի տրամաբանության շրջանակում: Այդ շրջանակում դիտարկումները կարող են ունենալ կարճաժամկետ ճշգրտություն կամ հաջողություն: Երկարաժամկետ առումով Հայաստանի իշխող համակարգը մտնում է բոլորովին նոր կառուցվածքային եւ տրամաբանական փուլ, որի առաջնային ազդեցության նշանները իրականում զգացնել են տալու ոչ թե 2018-ի ապրիլից հետո, այլ 2022-ի ապրիլից առաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում