Վերջին շրջանում մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ 2018 թվականի հունվարից ուսուցիչների աշխատավարձերը կրճատվելու են 5000-ական դրամով:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը հերքեց տարածված լուրերը՝ ընդգծելով, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

«Նախարարությունում նման հարց անգամ չի քննարկվել: Չգիտեմ, թե որտեղից են նման լուրեր տարածվում: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը երկար ժամանակ է, ինչ ուսուցիչների ֆինանսավորման նոր տարբերակի մասին է խոսում, ըստ որի՝ պետք է սահմանվի ուսուցչի բազային աշխատավարձ, որպեսզի դրա չափը կախված չլինի աշակերտների թվից: Բանաձևը քննարկման փուլում է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ աշխատավարձի որևէ փոփոխություն չի սպասվում:

Հիշեցնենք՝ ԿԳ նախարարի խոսքով՝ ֆինանսավորման նոր բանաձևը (բազային աշխատավարձ սահմանելը) կլուծի նաև արդարության հարցը, քանի որ այժմ ուսուցիչները ֆինանսավորվում են աշակերտի թվով, իսկ մարզերում դպրոցների մեծ մասը փոքրաթիվ աշակերտներ ունեն: 

«Մենք կարիք ունենք արմատապես փոխել նաև մեր ֆինանսավորման բանաձևը: Կունենանք բազային ֆինանսավորում, որով կգնահատենք կոնկրետ մեկ դրույքի բազային արժեքը և անկախ նրանից՝ դա քանի աշակերտի է մատուցվում, ուսուցիչը, որն այդ ծանրաբեռնվածությամբ աշխատում է, պետք է ստանա նույն աշխատավարձը»,- ասել էր Լևոն Մկրտչյանը և ավելացրել, որ ֆինանսավորումը փոխվելու է նաև՝ կախված դպրոցի տեղից՝ սահմանամերձ շրջանում է, Երևանում է, թե որ հատվածում և ինչ կարգավիճակում: 

Սոնա Հարությունյան