«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին դեմ արտահայտվող երկու ուսանող արդեն երկու օր է ինչ վերսկսկել են հացադուլը։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ու ընկերը փակվել են ԵՊՀ լսարաններից մեկում։

«Ամեն ինչ նորմալ է, որևէ կոնֆլիկտ չի եղել այս ընթացքում, առողջության հետ կապված ոչ մի խնդիր չունենք: Հացադուլը շարունակվելու է, բայց դեռ չգիտենք՝ ինչ ձևով: Մենք մեր պահանջը ներկայացրել ենք, սպասում ենք սպառիչ պատասխանի»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Դավիթը նշեց, որ այս  ընթացքում իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը չի փորձել կապ հաստատել իրենց հետ և չբացառեց, որ հնարավոր է՝ դուրս գան փողոցային պայքարի։

Նա նշեց՝ մյուս ընկերներն իրենց կողքին են, դրսում քայլեր են ձեռնարկում, մտածում են՝ ինչ կարելի է անել: 

Դավիթին վրդովվեցրեց այն խոսակցությունները, թե իրենց գործողությունների հետևում ինչ-որ մեկն է կանգնած, հատկապես, երբ շոշափվում է վարչապետ Կարեն Կարապետյանի անունը: «Մենք նման խոսակցություններին անլուրջ ենք վերաբերվում, քանի որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն: Ամեն հաչոցի չեմ պատասխանելու, մենք ոչ ոքի հետ կապ չունենք»,- ընդգծեց Դավիթը: 

Այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով հացադուլ հայտարարած ուսանողներին, նշեց, որ նրանց պահանջները մաքսիմալիստական են։

«Ես իրենց հորդորում եմ՝ իրենց այդ ցանկություններն ու նպատակները կարող են հիասթափություն առաջացնել։ Դե հիմա տղաներ են, ունեն իրենց ծրագրերը։ Ինձ մնում է մի բան՝ իրենց խնդրել վերադառնալ: Ուսանողները երկու առաջարկ են ներկայացրել, որոնցից մեկը պաշտպանության նախարարությունը մերժել է, իսկ մյուսի վրա աշխատում են։ ՊՆ-ն մերժել է, մասնավորապես, ընդմիջումներով ծառայելու մասին առաջարկը»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահը։

Նա նկատեց՝ բազմիցս տղաներին ասել է, որ Պաշտպանության նախարարությունը չէր կարող 100 տոկոսով ընդունել նրանց բոլոր պահանջները, իսկ նրանց՝ մաքսիմալիստական չափանիշներ դնելը որևէ տեղ չտանող ճանապարհ է:

«Ափսոսում եմ, որ գնացին հացադուլի ճանապարհով։ Խնդրում եմ դուրս գալ հացադուլից, շարունակել քննարկումները։ Դավի՛թ ջան, եղբա՛յր, հացադուլը ճիշտ չէ, էլի»,- դիմելով հացադուլ հայտարարած երիտասարդներից մեկին՝ ասաց Շարմազանովը։