Հայաստանի բնակչությունը սկսել է ակտիվ էլեկտրոնային առևտրով զբաղվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ'լրագրողների հետ ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում այցելությունների թվով էլեկտրոնային առևտրի հիմնական հարթակները գտնվում են ամենաայցելված կայքերի թոփ-50-ում:

«Այցելուների քանակն օրեցօր աճում է: Էլեկտրոնային հարթակների միջնորդ կազմակերպությունների տվյալներով' Հայաստանում «սև ուրբաթ» օրը իրականացվել է ողջ տարվա 10 տոկոսի առևտուրը»,- նշեց Մարտիրոսյանը:

Ըստ փորձագետի' Հայաստանը սկսել է հետաքրքրություն ներկայացնել հաքերային խմբերի համար:

«Եթե մինչ այդ շատ հաքերային խմբերի համար Հայաստանն այնքան էլ հետաքրքրիր չէր, որովհետև հիմնականում խոշոր մուծումները կատարվում էին առձեռն, ապա հիմա մեր երկիրը իրենց համար հետաքրքրություն է ներկայացնում: Արդեն իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նման հաքերային հարձակման փորձեր են եղել, որոնց ժամանակ արձանագրվել են բանկային քարտերի տվյալների գողության դեպքեր»,- ասաց Մարտիրոսյանը:

Մասնագետի խոսքով' սա լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ Հայաստանի բնակչության համար էլեկտրոնային առևտուրը նոր դաշտ է, և այդ հանգամանքը կարող է չարագործների կողմից օգտագործվել:

Փորձագետը խորհուրդ է տալիս օգտվել հայտնի էլեկտրոնային խանութներից, ընդ որում պետք է ուշադիր լինել, որ այդ կայքը կլոնավորված չլինի:

«Շատ կարևոր է նաև բանկային քարտի պաշտպանությունը: Դրա համար անհրաժեշտ է բանկում բացել «Online banking» և առանձին քարտ պահել էլեկտրոնային առևտրի համար»,- նշեց Մարտիրոսյանը: