Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեկտեմբերի 20-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտելու որոշումը դադարեցնելու և ավագանու նիստերին մասնակցելու մասին:

Կուսակցության որոշման վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Վերջինս նշեց, որ իրենց միջև նորմալ հարաբերություններ են և նորմալ պրոցեսներ են տեղի ունենում:

«Մեր հաշտության եզրը Վանաձոր քաղաքի ապագան է: Մարդիկ իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ հիմա էլ որոշել են չբոյկոտել: Շատ նորմալ եմ վերաբերվում իրենց որոշմանը»,- ընդգծեց նա: 

Ասլանյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների հետ մինչ նրանց որոշումը քննարկումներ չեն եղել և չեն ազդել նրանց որոշման վրա. «Իրենց հետ շուտ եղել են խոսակցություններ, հորդորներ, հրավերքներ, հանդիպումներ, բայց կոնկրետ այս ժամանակահատվածում որևէ պայմանավորվածություն չունենք: Մարդիկ իրենք որոշել ու եկել են: Մեր միջև նորմալ աշխատանքային հարաբերություններ են, ինչպես հարաբերվում են օպոզիցիան և իշխանությունը»,- նշեց Ասլանյանը: 

Եթե ոչ խոստման արդյուքնում, ապա ինչպե՞ս ստացվեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը «թույլ տվեց», որ զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը, Ասլանյանը պատասխանեց.

«Ես ընտրված քաղաքապետ եմ, երկու ընտրությամբ ամրապնդված: Ինձ ո՞վ պետք է թույլ տար, ինձ օրենքն ու ժողովուրդը թույլ տվեցին»: 

Քաղաքապետը նշեց՝ այսօր տեղի է ունեցել ավագանու նիստը, ընդունել են Վանաձոր քաղաքի բյուջեն, որն անցել է նորմալ աշխատանքային մթնոլորտում և առանց որեւէ կոնֆլիկտի: Իսկ ահա երեկոյան՝ միասին պատրաստվում են վառել Վանաձորի տոնածառի լույսերը:

Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լոռու մարզային խորհրդի անդամ Քրիստ Մարուքյանի հետ, ով ի տարբերություն Ասլանյանի՝ իրենց որոշումն այլ կերպ որակեց. «Սա որևէ կերպ չի կարելի հաշտություն համարել: Ինչպես հայտարարել ենք՝ մեր քաղաքական և իրավական հիմքերը սպառվել են բոյկոտի համար: Այսինքն՝ սպառվել են այնքանով, որ ունենք կառավարության մերժումը, որով արհամարհվել է Սահմանադրական դատարանի վճիռը: Քաղաքական առումով՝ դա այն է, որ «Օրինաց երկիր»-ը կամ ՀՎԿ-ն Հանրապետականի հետ հուշագիր է ստորագրել, որով ապահովվել է մեծամասնությունը և լուծվել 15 հոգով նիստ անելու խնդիրը: Այս իրավիճակում այլևս անիմաստ էր բոյկոտը և ցանկանում ենք ամբողջական ֆորմատով  ներգրավված լինել քաղաքի հետ կապված խնդիրների լուծումների մեջ:

Այս ամենի հետևանքները շատ մեծ են և միայն Վանաձորի մակարդակով չի պայմանավորված, որովհետև քաղաքական պրոցեսների տեսանկյունից մենք պարզաբանումներ ենք արել՝ ով ինչ է անում, ինչ դիրքերից է հանդես գալիս, ինչ տեղի էր ունեցել մանդատագողության առումով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հիմա ամեն բան պարզ է և հավելյալ մեկնաբանության կարիք չկա: 

Սովորաբար, քաղաքական ուժերը նման կոմպրոմիսների գնում են որոշակի պաշտոններ ձեռք բերելու համար: Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին որևէ պաշտոն են խոստացել բոյկոտը դադարեցնելու համար, թե՛ Մամիկոն Ասլանյանը, թե՛ Քրիստ Մարուքյանը հերքեցին՝ նշելով, որ նման բան չի եղել: 

«Մեր պայքարի առաջին օրվանից անձնական հարցեր լուծելու խնդիր չենք ունեցել և հանուն պաշտոնի չենք մտել այս պրոցեսների մեջ: Ո՛չ Մամիկոն Ասլանյանը, ո՛չ էլ իշխանություն կրող որևէ մեկը չեն կարող խոստանալ, որ փոխենք մեր քայլերը»,- ասաց Մարուքյանը: 

Ասլանյանն էլ նկատեց, որ որևէ մեկին որևէ խոստում չեն տվել: 

Սոնա Հարությունյան