Բյուրականի աստղադիտարանի համար 2017-ը եղել է բովանդակալից և իրադարձություններով լի տարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում Բյուրականի աստղադիտարանի աշխատանքներն ամփոփեց տնօրեն Արեգ Միքայելյանը:

«Ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ այս տարի եղել են տիեզերական անկայուն երևույթների ուսումնասիրություններ: Դրանց արդյունքում հայտնաբերվել են ակտիվ գալակտիկաներ, ռադիոաղբյուրներ: Մեր երկու մեծ դիտակները ևս աշխատել են կանոնավոր կերպով: Տեղի են ունեցել նաև կառուցվածքային փոփոխություններ՝ կազմավորվել են երիտասարդական խորհուրդը և գիտահետազոտական բաժինները»,-նշեց աստղադիտարանի տնօրենը:

Միքայելյանի խոսքով՝ աստղադիտարանում սկսել են մշակել նաև նոր ուղղություններ՝ աստղաքիմիայի և աստղակենսաբանության: Ստեղծվել են պատմամշակութային աստղագիտության, ինչպես նաև աստղաինֆորմատիկայի բաժիններ: Աստղաինֆորմատիկայի բաժնում ներառված է նաև թվայնացման և վիրտուալ աստղադիտարանի նախագիծը:

«Այս տարի շատ ակտիվ ենք աշխատել: Եղել են ռեկորդային թվով սեմինարներ, աշխատանքային խորհրդակցություններ, միջազգային համագործակցության շրջանակում 53 գործուղումներ արտասահմանյան երկրներ: Առաջին անգամ անցկացրել ենք աստղավիճակագրության և ծրագրային ապահովման դասընթացներ՝ խորացնելու աստղագետների գիտելիքները: Անցկացրել ենք մի քանի գիտաժողովներ, կոնֆերանս, տիեզերագնացության դպրոց»,-ասաց Միքայելյանը:

Նա կարևորեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաֆինանսավորվող կոնֆերանսի անցկացումը ՀՀ ԳԱԱ-ում: Դրանում շեշտը դրվել էր Հայաստանի աստղագիտական ժառանգության վրա: «Մենք ուրախ ենք, որ ոչ միայն հայ աստղագետները, այլ նաև օտարերկրացիները հետաքրքրված են Հայաստանի աստղագիտական ժառանգությամբ»-նշեց Միքայելյանը:

«National Geographic TV»-ի կողմից նկարահանվել է Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակին նվիրված ֆիլմ, որը կցուցադրվի մոտ ժամանակներս: