Դեկտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Շնորհավորելով Իլյա Երկրորդին գահակալման 40-ամյակի կապակցությամբ և նրան մաղթելով քաջառողջություն՝ դեսպան Սադոյանը նրան փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջույններն ու բարեմաղթանքները։


Իլյա Երկրորդը, նշելով, որ վրացի և հայ ժողովուրդների հարաբերություններն ունեն բազմադարյա ավանդույթներ, ընդգծել է, որ երբ պատմական որևէ ժամանակահատվածում մեր երկու ժողովուրդներից մեկի համար եղել է ծանր և փորձություններով լի շրջան, այդ ամենն իր ազդեցությունն է ունեցել նաև մյուսի վրա։

Իլյա Երկրորդը, խոսելով ներկա իրողությունների մասին, նշել է, որ մենք բարդ ժամանակներ ենք ապրում, որը մեր երկու պետություններին թելադրում է, որ միշտ ունենանք սերտ հարաբերություններ։ Այս համատեքստում Իլյա Պատրիարքը ընդգծել է, որ դեսպան Սադոյանից շատ բան է կախված և հույս հայտնել, որ վերջինիս գործունեության ընթացքում մեր հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն։

Ռուբեն Սադոյանն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է, որ իր դիվանագիտական առաքելությունը սկսում է Իլյա Երկրորդի օրհնությունը ստանալով։

«Տեսնելով այն մեծ հարգանքն ու ակնածանքը, որ կա Ձեր հանդեպ, զգալով այդ անսահման սերն ու հեղինակությունը, որ Դուք վայելում եք Վրաստանում՝ ես ուղղակի պետք է արձանագրեմ, Դուք, իրավամբ, սուրբ մարդ եք» - շեշտել է Հայաստանի դեսպանը։

Խոսելով հայերի և վրացիների ընդհանրությունների մասին՝ դեսպանն ընդգծել է, որ նա կանի ամեն ինչ, որպեսզի մեր եղբայրական ազգերի միջև կապը ավելի խորանա և ավելի ամուր հիմքերի վրա դրվի։

Անդրադառնալով Հայաստանին՝ Համայն Վրաստանի Պատրիարքն ասել է, որ միշտ ջերմ զգացողություններ է տածել Հայաստանի նկատմամբ։ Նա առանձնահատուկ ջերմությամբ հիշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին և նրա հետ ունեցած իր բարեկամությունը:

Հանդիպման ավարտին Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդը հայ ժողորդին մաղթել է հաջողություններ՝ ավելացնելով․
«Աստված պահապան հայ ժողովրդին և բարեկամ Հայաստանին»։