Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Տորֆավանի համայնքապետարանից:

«Սամվելն էլ, հայրն էլ սպաներ էին: Շատ խեղճ, ծանր պայմաններում էին ապրում: Մի քանի տարի առաջ էին հարևան գյուղ տեղափոխվել»,- ասաց մեր զրուցիկը: 

Ավտովթարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։ Վաղ առավոտյան Տորֆավան գյուղի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Կարճիկյանը Ծովագյուղ-Շորժա-Ծափաթաղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 PD 197 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհից 30 մետր հեռավորության վրա։

Վարորդը, ով ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող էր, տեղում մահացել է:

Ըստ տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել են ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունները, և հավանաբար, որպեսզի չհարվածի նրանց, վարորդը, որպեսզի չհարվածի նրանց, հավանաբար չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ու տեղի է ունեցել ողբերգական ավտովթարը։ 

Լուսանկարները՝ shamshyan.com