Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման մեխանիզմների ներդրմանը: «Ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասերի նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություններ։ Ներկայումս գործող կարգավորումները, հաշվի առնելով հնարավոր ֆինանսական բեռը, նշված անհամապատասխանությունների վերացման համար արտոնություններ են սահմանում նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար, սակայն չտարածելով դրանք նախկինում ստեղծվածների վրա։ Նման շինությունների օրինականացման խթանման դեպքում ակնկալվում է նաև տեղական բյուջե վճարվող տուրքերի և այլ վճարների ավելացում»,- ասաց վարչապետը։

Native ads by Caramel
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը Գյուղատնտեսության, Բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում (բացառությամբ Սևան ազգային պարկի տարածքի) ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։