«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Իշխանություններն արդեն մի քանի օր է՝ էյֆորիայի մեջ են. այս տարվա 11 ամիսների սոցիալ-տնտեսական լավ ցուցանիշներ են արձանագրել: Երեկ էլ Սերժ Սարգսյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ գործարարների համար կազմակերպված ընդունելության ժամանակ անդրադարձել է ԱՎԾ թվերին` առանձնացնելով հատկապես արտահանման ոլորտում գրանցված աճը:

 

«Տնտեսական ակտիվության գործակիցը բավականաչափ մեծ է. արդեն 11 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է: Մենք երբեք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել: Մեր առեւտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը՝ արտաքին առեւտրաշրջանառության մասին է խոսքը»,- հայտարարել է նա:

Հիասքանչ է ասված: Բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք. չնայած հրճվանք պատճառող աճին` արտահանման ծավալները, միեւնույն է, շարունակում են զիջել ներկրմանը՝ ավելի քան 1.7 անգամ: Ասել է, թե Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության հաշվեկշիռը շարունակում է բացասական հունով ընթանալ. «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս տարի արտահանվել է 2 մլրդ 13 մլն դոլարի եւ ներկրվել 3 մլրդ 770 մլն դոլարի ապրանք: Այնպես որ, հրճվելու, աջ ու ձախ այդ ցուցանիշները թմբկահարելու շատ բան չկա: Հատկապես, երբ իշխանությունները խոստացել էին Հայաստանի տնտեսությունը դարձնել արտահանելի»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում