«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նատի» անունը կրող թաղամասի բնակիչների եւ դրա հարեւանությամբ կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարանի միջեւ վեճը դեռ չի ավարտվում: Թաղամասի բնակիչները «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն բաց նամակ են ուղարկել, որն ուղղված է վարչապետ Կարեն Կարապետյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը եւ Սերժ Սարգսյանին, անդրադարձ կա նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Նամակում, մասնավորապես, ասված է.

 

«Մեր տների կողքին՝ ք. Եղվարդ Երեւանյան խճուղի 129 հասցեում, կառուցվող անհայտ ծագման շինության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ենք պահանջել բնապահպանության նախարարությունից, որը մեզ պարզ ու հստակ պատասխան տալու փոխարեն (անվտանգ է, թե ոչ) ուղարկել է փաստաթղթերի մի փաթեթ, որոնք ստացել է Ալֆրեդ Աբեդի անունով գործարանատիրոջից: Դուրս է գալիս, որ նախարարությունը վերջինիս փոստատարի դերն է ստանձնել:

 

Ալֆրեդ Աբեդին իր բիզնես գործունեությանը շահեկան բացատրագիր է ուղղել նախարարությանը, ինչն առանց լիարժեք մասնագիտական ուսումնասիրության ուղարկվել է մեզ»,- գրել են «Նատի» թաղամասի բնակիչներն ու հավելել, որ իրենք երաշխիքներ ոչ թե գործարանը կառուցողից են ուզում, այլ պետական կառույցներից, մասնավորապես, բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններից:

Նրանք նշել են, որ գործարանը բնապահպանության նախարարություն ուղարկած բացատրագրում նշել է, որ Եղվարդում կառուցվում է բիտումի եւ քսայուղերի պահեստավորման եւ հետագա տարալցման գործարան, մինչդեռ դրան հակասող տեղեկատվություն է ներկայացված «Արմօյլ» գործարանի պաշտոնական կայքում, որտեղ ասվում է, որ իրենք տարածաշրջանում նմանը չունեցող նավթավերամշակման գործարան են կառուցում:

Նամակում ասվում է նաեւ, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին «Արմօյլ» ընկերությունը որեւէ նախագիծ փորձաքննության չի ներկայացրել եւ չունի բնապահպանական փորձաքննության եզրակացություն՝ անկախ նրանից, թե ինչ է կառուցում: Մինչդեռ նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության:

«Գործարանը կառուցվում է օրենքները շրջանցելով եւ առանց թույլտվության, սակայն առանց խոչընդոտների եւ դրա բացատրությունը հետեւյալն է. քանի որ հողատարածքի սեփականատերն է հայտնի ազդեցիկ գործարար Գագիկ Ծառուկյանը, իսկ վերջինիս փեսան Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն է»,- գրել են նամակի հեղինակները՝ նշելով, որ Եղվարդի քաղաքապետ Նորիկ Սարգսյանը շուրջ 2 ամիս է չի պատախանում իրենց նամակին եւ չի հանդիպում իրենց հետ, որն էլ հիմք է տալիս եզարակացնելու, որ այդ ապօրինության հեղինակն ու հովանավորը եղել է քաղաքապետը:

Բնակիչները նաեւ նշել են, որ գործարանի հողատարածքի նպատակային նշանակությունը փոփոխվել է առանց կից հողօգտագործողների թույլտվության: «Մենք պահանջում ենք հասարակ ու պարզ բան՝ տալ մեզ մասնագիտական պատասխան, երաշխիք, տվյալ արտադրությունը մեզ ու մեր առողջությանը, մեր այգիներին ու բնությանը, վնաս է, թե ոչ: Դադարեցնել եղեռնաշինությունը հակառակ դեպքում կձեռնարկվի խիստ միջոցներ մինչեւ անգամ հանրապետական նշանակության ճանապարհները փակել»,- ասված է բաց նամակում:

Եղվարդի բնակիչներն իրենց ստորագրություներով կազմված նամակին կից ներկայացրել են նաեւ նաեւ «Արմօյլ» ընկերության տնօրենի բացատրագիրը, որը վերջինս ներկայացրել է բնապահպանության նախարարությանը:

Բացատրագրում Ալֆրեդ Աբեդին գրել է, որ Եղվարդում իրենք նախատեսել էին կառուցել դիզելային վառելիքի պահեստարաններ, որը կառուցվել է 2015 թվականին: Հետագայում ընկերությունը կառավարությանը ներկայացրած ներդրումային ծրագրով որոշել է կառուցել բիտումի եւ քսայուղերի պահեստավորման եւ յուղերի տարալցման գործարան եւ վերջինիս սպասարկման համար նախատեսված վարչական շենք: «Ներկայումս իրականացվում են շինմոնտաժային աշխատանքներ վերը նշված գործունեություններն իրականացնելու համար, եւ նշեմ, որ նախատեսվող գործունեության կառուցապատման ընդհանուր մակերեսը չի գերազանցում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափաքանակը»,- իր բացատրագրում գրել է ընկերության տնօրենն ու հավելել, որ նախարարությանն է ներկայացրել Եղվարդ համայնքի ղեկավարի որոշման պատճենը, «Սեմուր ընդ Կո» եւ «Գնդասար ՀԷԿ» ՍՊԸ-ների կողմից տրված համաձայնությունների պատճենները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում