Խորհրդարանում ԵԼՔ խմբակցության կողմից քվեարկությունը 11 անգամ ընդմիջելու քայլը ֆորմալ առումով ԱԺ կանոնակարգի շրջանակներում էր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Քաղաքական առումով մենք բոլորս միասին ճանապարհ ունենք անցնելու՝ կայացնելու համար լիարժեք խորհրդարանական մշակույթ: Այսպիսի միջադեպերն անխուսափելի են միջադեպի հղկման համար: Առաջին դեպքը չէ, երբ ընդդիմադիր գործընկերներն օգտվում են իրենց հնարավորությունից՝ հետաձգելու այս կամ այն քվեարկությունը 20 րոպեով, բայց առաջին դեպքն է, որ այն տեղի է ունենում 11 անգամ: Կարծում եմ, որ Ամանորի նախաշեմին բոլորի նյարդերը պարտվեցին, լարվածությունն իջավ: Մենք պարզապես պետք է իրար ավելի լավ լսենք»,- ասաց պատգամավորը:

Նրա գնահատմամբ` Հայաստանում լիարժեք խորհրդարանական մշակույթը կայացնելու համար դեռ ճանապարհ կա անցնելու և առաջին դեպքը չէ, որ ընդդիմադիրները օգտվում են իրենց իրավունքներից, բայց առաջին դեպքն է, որ դա տեղի է ունենում 11 անգամ:

Պատգամավորը պարզաբանեց, որ  խորհրդարանական հանրապետություն չի նշանակում ընդդիմության կողմից խաղի կանոնների բացարձակ թելադրանք և Հայաստանի խորհրդարանում կա երկու ընդդիմադիր խմբակցություն: ««Ելք»-ի կողմից որոշակի դժգոհությունների գոյությունը կապված չէ նրա հետ, որ չունեն բավարար լծակներ, խնդիրն այն է, որ ընդդիմությունը ունի լծակներ, բայց դրանք «Ելք»-ի ձեռքում չեն», - ընդգծեց Արմեն Աշոտյանը: