ԱՄՆ-ը սև ցուցակի մեջ է ընդգրկել 5 ռուսաստանցիների, որոնց թվում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը մեղադրում է Կադիրովին և նրա վարչակարգին մարդկանց, մասնավորապես քաղաքական ընդդիմադիրների և միասեռականների նկատմամբ բռնաճնշումներ, առևանգումներ և սպանություններ իրականացնելու մեջ: Այս մասին գրում է Ամերիկայի ձայն-ը: 

Պատժամիջոցներ են սահմանվել նաև մեկ այլ չեչեն պաշտոնյա Այուբ Քաթաևի նկատմամբ, ով չեչենական բանտի և Չեչնիայի ներքին գործերի վարչություններից մեկի ղեկավարն է: Նրան ևս մեղադրում են մարդու իրավունքների խախտման մեջ:

Պատժամիջոցների ենթարկված մնացած երեք անձինք են Ալեքսեյ Շեշենյան, Յուլիա Մայորովան և Անդրեյ Պավլովը, ովքեր ներքաշված են «Hermitage» հիմնադրամի հետ կապված կոռուպցիոն սկանդալում, որը բացահայտել էր փաստաբան Սերգեյ Մագնիցկին:

Այդ բացահայտման արդյունքում նա կալանավորվել էր, ենթարկվել ֆիզիկական և հոգեբանական բռնաճնշումների, որոնց հետևանքով մահացել էր: 2012 թվականին ընդունված օրենքը, որը պատժամիջոցների էր ենթարկում ռուսաստանցի մի շարք քաղաքացիների, ստացավ «Մագնիցկիի օրենք» անվանումը: Չորեքշաբթի օրն այդ օրենքով պատժամիջոցների ենթարկված անձանց թիվը հասավ 49-ի:

Սահմանված պատժամիջոցներն արգելում են դրանց ենթարկված անձանց որևէ ֆինանսական գործարք իրականացնել Միացյալ Նահանգներում: Միևնույն ժամանակ ամերիկացի որևէ քաղաքացի ըստ օրենքի իրավունք չունի գործնական որևէ կապ ունենալ այդ մարդկանց հետ:

Ռուսական կողմն, ի դեմս Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, 5 ռուսաստանցիների վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին որոշումը որակել է «անօրինական և թշնամական» քայլ: Պեսկովն ասել է, որ հավանաբար Ռուսաստանը կտա համաչափ պատասխան: