Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել փակ կամ կիսափակ քրեակատարողական հիմնարկներում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ նախագիծ:

Նախագիծը նախատեսում է օրենքով սպառիչ սահմանել այն դեպքերը (օրինակ' մեղադրյալի ծանր հիվանդությունը), երբ արտագնա դատական նիստի անցկացումը կարող է արդարացվել:

«Գործնականում դատական նիստի անցկացումն առաջացնում է մի շարք խնդիրներ, ինչպիսիք են արտագնա դատական նիստի հրապարակայնության, դռնբացության ապահովման խնդիրը, հանրության իրազեկվածությունը դատական նիստի անցկացման, ինչպես նաև՝ նշանակված հաջորդ դատական նիստի տեղի և ժամի վերաբերյալ և այլն: Յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է կայացնի պատճառաբանված որոշում' մատնանշելով, թե որ հիմքով է դատական նիստն անցկացնում արտագնա: Արտագնա դատական նիստերի անցկացումը չպետք է նվազեցնի արդար դատաքննության իրավունքը»,- նշված է նախագծում:

Նախագծով հստակ կանոնակարգվելու է փակ և կիսափակ տիպի հաստատություններում իրականացվող դատական նիստերի վերաբերյալ հասարակության ներկայացուցիչների իրազեկվածությունը, հասարակության ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը դռնբաց դատական նիստին, կողմերի այլ դատավարական իրավունքների ապահովումը, դատական նիստերի պարտադիր արձանագրումը, պետական խորհրդանիշերի օգտագործումը: