ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կուտակվել է 168 բեռնատար և 81 մարդատար ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկտեմբերի 24-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: 

Դեկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն, իսկ Լոռու մարզում, Գեղրաքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ թույլ ձյուն, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքում՝ բուք: 

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։