ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը օրերս հայտարարել էր, թե «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն կուսակցություններին առաջարկում է Երևանի ավագանու ընտրություններում հանդես գալ միասին: «Բացառիկ հնարավորություն է այս չորս քաղաքական ուժերի համար, համախմբելով ռեսուրսները և համակարգելով ջանքերը՝ ռեժիմի նկատմամբ հասնել շատ կարևոր հաղթանակի, ինչը հետագայում ճանապարհ կբացի իշխանափոխության համար»,- ասել էր Լ.Զուրաբյանը:

Ըստ Լ. Զուրաբյանի' այդպիսով իրենք ընտրական հանձնաժողովներում կունենան 4-ական անդամներ, «ովքեր կբռնեն ընտրակեղծարարների ձեռքը»: Նա միաժամանակ ասել էր, թե Երևանի ավագանու ցուցակ կազմելը կամ գլխավորելը կոնկրետ իրենց համար խոչընդոտ չի կարող լինել և երկրորդական հարց է: «Այս պահին կարևոր է լուծել համախմբման հարցը, և մենք մեր կողմից պատրաստ են այդ զիջմանը»,- ավելացրել էր Լ. Զուրաբյանը:

Նշված 4 քաղաքական ուժերն անցած տարեվերջին' նախագահական ընտրություններից առաջ, մեկ անգամ արդեն համախմբման փորձ արել են, երբ քննարկում էին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու կամ որևէ թեկնածուի պաշտպանելու հարցը, բայց ապարդյուն: Որևէ բան չստացվեց, քանի որ իշխանությունների ճնշման ներքո ԲՀԿ-ն հայտարարեց, թե թեկնածու չի առաջադրելու և որևէ թեկնածուի չի սատարելու: Մինչդեռ ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի համար ԲՀԿ դիրքորոշումը կարևոր էր, քանի որ խորհրդարանական ընտրություններին այդ ուժն էր ծանրակշիռ՝ մոտ 450 հազար ձայներ ստացել և դարձել երկրորդ ուժը:

Երևանի ավագանու ընտրություններում, սակայն, պատկերը մի փոքր այլ է: «Ժառանգության» առաջնորդը նախագահական ընտրություններին ստացել է 37 տոկոս՝ մոտ 540 հազար ձայն, այսինքն' մոտ 100 հազարով ավելի, քան ստացել էր ԲՀԿ-ն ԱԺ ընտրություններում: Ասել է թե' «Ժառանգությունն» այսօր շատ ավելի լավ դիրքերում է, քան ԲՀԿ-ն: Հատկապես, որ ԲՀԿ-ն իր շռնդալից վերելքից հետո անցած տարեվերջին ընկրկեց իշխանությունների ճնշումների ներքո' հուսախաբ անելով իր ընտրազանգվածի այն սպասումները, թե նախագահի թեկնածու է առաջադրելու կամ պաշտպանելու է այլ թեկնածուի: «Ժառանգության» համեմատ ԲՀԿ դիրքերն, այնուամենայնիվ, ավելի ամուր են ունեցած մարդկային և հզոր ֆինանսական ռեսուրսների շնորհիվ: Միաժամանակ, ԲՀԿ-ն ավելի լավ դիրքերում է, քան ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Այսինքն' այդ 4 ուժերը տարբեր քաշային կատեգորիաներ ունեն: Այս առումով ավելի մեծ հավակնություններ կարող են ներկայացնել «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն, եթե, իհարկե, հնարավոր լինի համախմբվել մեկ ընդհանուր ցուցակի ներքո:

Անշուշտ, մեկ ընդհանուր ցուցակում հնարավոր է պատկերացնել ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, քանի որ առկա է այս ուժերի համագործակցության փորձերի նախադեպը, սակայն նույն ցուցակում դժվար է պատկերացնել «Ժառանգությանը», ով 2009թ. Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցեց ՀԱԿ-ի հետ ցուցակային խնդիր ունենալու պատճառով: «Ժառանգությունը», մեղմ ասած, անհաշտ է նաև ԲՀԿ-ի հետ, ինչի մասին է վկայում խորհրդարանական ընտրություններին նրանց նախաձեռնած միասնական շտաբի հավաքներին չմասնակցելը: Թեև, մյուս կողմից էլ' նախագահական ընտրություններից հետո Ր. Հովհաննիսյանը նախաձեռնեց և հանդիպեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Այդուհանդերձ, խիստ կասկածելի է, որ այս 4 ուժերը կկարողանան համախմբվել և միասնական հանդես գալ:

ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, թերևս, կկարողանան, խնդիրը «Ժառանգությանն» է վերաբերում. Ր. Հովհաննիսյանը կհամաձայնի՞ նախագահական ընտրություններում ստացած արդյունքներից հետո ցուցակի առաջին տեղը զիջել ԲՀԿ-ին, կամ' Գ. Ծառուկյանը, որը ղեկավարում է խորհրդարանական երկրորդ ուժը, կհամաձայնի՞, որ Ր. Հովհաննիսյանը գլխավորի համատեղ ցուցակը: Ուստի' ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» այս հարցում կարող են համաձայնության չգալ: Հայաստանի քաղաքական ուժերին երբեք և ոչ մի ընտրություններին թույլ չեն տվել լիարժեք համախմբվել հենց նման հավակնությունները: Իհարկե, մասնակի համախմբումներ եղել են, ինչը այս անգամ ևս չի բացառվում: Չէ՞ որ ՀԱԿ-ը հստակ հասկացրեց, որ ցուցակն իր համար խոչընդոտ չէ, նույնն էլ կարելի է ասել նաև ՀՅԴ դեպքում:

Հայաստանի քաղաքական դաշտի համար, սակայն, ոչինչ չի կարելի բացառել, կամ՝ երբեք չի կարելի ասել երբեք: Այնպես որ, այդ կուսակցությունները կարող են ընդհանուր հայտարարի գալ և մեկ ցուցակով հանդես գալ: Այս դեպքում արդեն անհանգստանալու պատճառ կունենան իշխանությունները, որոնք մշտապես խոչընդոտներ են ստեղծել նման համախմբումների համար ու խափանել դրանք: Հաշվի առնելով հատկապես այն, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները ոչ պակաս կարևոր են քաղաքական զարգացումների համար: Ի վերջո' Երևանում է կենտրոնացած երկրի բնակչության կեսը և քաղաքականապես ակտիվ զանգվածը: Եթե ՀՀԿ-ն այս ընտրություններում պարտվի, ապա դա նրա ամբողջական պարտության սկիզբը կդառնա: Իրենց մեջ այնքան ուժ կգտնե՞ն այդ 4 կուսակցությունները, որ դիմակայեն իշխանությունների հարձակումներին կամ չգայթակղվեն խոստումներով: Համենայնդեպս, մինչև այժմ նման նախադեպ չի եղել: