ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Ամանորին ընդառաջ խստացնելու է վերահսկողությունը շուկայում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը՝ հավելելով, որ վերահսկողությունը խիստ կլինի նաեւ հետտոնական օրերին:

Անդրադառնալով 2018 թվականին տարվելիք աշխատանքներին, ՍԱՊԾ պետն ասաց, որ ընկերություններում 2018 թվականին աուդիտ կիրականացվի: «Ստուգաթերթն արդեն մշակման փուլում է: Շեշտը դնելու ենք տնտեսավարողների հետ բացատրական աշխատանքներ տանելու, խորհրդատվություն տալու վրա, որպեսզի նրանք ինքները գիտակցեն այդ համակարգի կարեւորությունը»,-ասաց նա:

Իշխան Կարապետյանի խոսքով' 2018 թվականին շարունակվելու է ՍԱՊԾ լաբորատոր կարողությունների զարգացումը: «Ընթացքի մեջ են անասնաբուժական եւ բուսասանիտարական լաբորատորիաների միջազգային հավատարմագրման գործընթացները: Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի այս մասով կունենանք էական արդյունքներ»,-նշեց ՍԱՊԾ պետը, հավելելով, որ բոլոր ծրագրերը արմատական եւ որակական փոփոխություններ են բերելու մեր երկրում սննդամթերքի անվտանգության ոլորտում: