Հայաստանում դյուրացված բնակության իրավունք տրամադրելու ճանապարհով 6 տարվա ընթացքում հնարավոր է ապահովել 108 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս ուսումնասիրությունն իրականացվել է միգրացիոն պետական ծառայության աջակցությամբ՝ մասնագիտացված կազմակերպության կողմից։

«Աջակցություն Հայաստանին միգրացիայի եւ սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրով կատարված հետազոտությունը փաստում է, որ Հայաստանը, ընդգրկվելով Համաշխարհային բանկի՝ «Գործարարությամբ զբաղվելու դյուրինություն» վարկանիշային աղյուսակի 38 լավագույն երկրների ցանկում, մտադիր է գրավել միջազգային համայնքի ներդրողների ուշադրությունը:

«Միգրացիոն պետական ծառայության հետ համատեղ կազմվել է «Ներդրողների իմիգրացիա» գաղափարի վերաբերյալ աջակցության գործիքակազմ։ Հայաստանում որոշակի ներդրում կատարած օտարերկրյա անձանց քաղաքացիություն կամ մշտական բնակության իրավունք տրամադրելու հնարավորություն կընձեռվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի ղեկավար Կարել Հոֆստրան։

Հետազոտության զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի եւ նախկին ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ունեցած սերտ կապերը Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ միասին նպաստում են երկրի գրավչության բարձրացմանը եւ, հետեւաբար, դրա հնարավոր ներուժի բացահայտմանը պայմանով, որ այն կմիանա գլոբալ քաղաքացիների անկախ սուբյեկտների շարժմանը: Ունենալով բիզնես վարելու համար նպաստավոր միջավայր, բազմաթիվ նպատակային շուկաներ մուտքի հնարավորություն, բարենպաստ եւ մեղմ կլիմայական պայմաններ՝ Հայաստանը մտադիր է գրավել այն իմիգրանտ ներդրողների ուշադրությունը, ովքեր ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց ակտիվները, ընդլայնել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը եւ ապահովել իրենց ընտանիքների ապագան: Չնայած հայկական անձնագիրը չի ապահովում շարժականության այն մակարդակը, որն ունեն ոլորտի առաջատարները, այնուամենայնիվ, կա լուրջ վստահություն, որ այս փաստաթուղթը կարող է ապահովել այլ հնարավորություններ, որոնք կարող են փոխհատուցել այս բավականին ակնհայտ անհարմարությունը:

Երկրի՝ իմիգրանտ ներդրողների համայնքին անդամակցելու ներուժը գնահատելիս հարկավոր է ուշադիր ուսումնասիրել մի քանի գործոններ, որոնք ծառայում են ամուր հիմք այն օրենսդրական եւ ներդրումային ենթակառուցվածքի համար, որը պահանջում է այս ծրագիրը։ Իմիգրանտ ներդրողների ներգրավման ծրագրերի կայունությունը եւ երկարակեցությունը հաճախակի պայմանավորված են լինում ներքին քաղաքական կայունությամբ՝ չափազանց հատվածավորված քաղաքական տիրույթի, կարճակյաց խորհրդարանական կամ նախագահական վարչակազմերի, հաճախակի ընտրական պարբերաշրջանների եւ իշխանության փոփոխման պայմաններում։ Չնայած որ այս երեւույթները կարող են լինել որքան հնարավոր է անկանխատեսելի, դրանց մեծամասնությունը միտումների առարկա են եւ դրանց հարկավոր է մանրամասնորեն ուսումնասիրել եւ գնահատել։ Մյուս կողմից երկրի աշխարհաքաղաքական դիրքավորումը, ինչպես նաեւ դրա միջազգային տնտեսական կապերը տեղեկատվության հզոր աղբյուր են ծառայում ։

Հայաստանը հայտնի է օտարերկրյա ներդրումների եւ սեփականատիրության հարցում բավականին բաց լինելու իր դիրքորոշմամբ։ Օտարերկրյա ներդրումների մասին օրենքը կառուցված է բավականաչափ երկկողմանի հիմքի վրա եւ ապահովում է գույքի սեփականության իրավունքի (բացառությամբ հողի սեփականության իրավունքի) ձեռքբերման, երկրի ցանկացած ոլորտ եւ աշխարհագրական դիրք անարգել մուտքի, շուկայական գներով արտարժույթի անսահմանափակ փոխանակման, ինչպես նաեւ կոնցեսիոն պայմանագրերի միջոցով բնական պաշարների զրո սահմանափակմամբ շահագործման հնարավորություն։

Իմիգրանտ ներդրողների ներգրավման ծրագրերը հանդիսանում են Ուղղակի օտարերկրյա ներդրումների հուսալի եւ կայուն աղբյուր, մինչդեռ փոքր տնտեսություններում դրանց ազդեցության ներուժը կարող է լինել էական: Ներդրողներ գրավելու նրանց կարողությունը մեծապես կախված է երկրի կայունությունից, դրա միջազգային վիճակից, կյանքի որակից, ինչպես նաեւ առկա ծրագրի կառուցվածքից: Հայաստանը, ունենալով գրավիչ ներդրումային կլիմա եւ ռազմավարական աշխարհագրական դիրք, ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ հանդես գալու որպես նախընտրելի նպատակակետ հարուստ միգրանտների համար: Ունենալով առանց արտոնագրի մուտքի ռեժիմ 60-ից ավելի երկրների հետ եւ գտնվելով հատուկ հարաբերությունների մեջ Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ աշխարհագրական իմաստով սահմանակից լինելով Իրանի հետ՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը կհամարվի ոչ միայն սեփական ապագան ապահովագրելու միջոց, այլ նաեւ ռազմավարական քայլ բիզնեսի զարգացման եւ դիրքավորման համար: