Ընթացիկ տարվա գարնանից գործող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության' լիզինգի աջակցության ծրագրով 157 միավոր գյուղտեխնիկա է տրամադրվել լիզինգառուներին: Դրանցից 67-ը տրակտոր է, 2-ը' կոմբայն, 88-ն էլ այլ գյուղտեխնիկա: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ծրագիրը բավականին արդյունավետ է իրականանում: «Այս ծրագիրն աննախադեպ է տարածաշրջանում, ընդհանրապես քիչ երկրներ կան, որոնք նման ծրագրեր են իրականացնում: Ինչպես գիտեք Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի պարկը բավականին մաշված է, իսկ լիզինգային այս ծրագիրը հնարավորություն կտա հետևողական աշխատանքի դեպքում մի քանի տարվա ընթացքում թարմացնել այն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ'ասաց Ռոբերտ Մակարյանը:

Նա տեղեկացրեց, որ ներկայում ծրագրում ներգրավված են 4 ֆինանսական կառույց և բազմաթիվ մատակարարներ: Փոխնախարարի խոսքով' հիմնականում ֆերմերային տնտեսությունները գնում են բելառուսական տեխնիկա, բայց այս ծրագրի շնորհիվ Հայաստան է ներմուծվում նաև ամերիկյան ու եվրոպական արտադրության գյուղտեխնիկա: «Շուկան շահավետ է դարձել բիզնեսի համար, ևս երկու խոշոր մատակարար ցանկություն են հայտնել մասնակցել այս ծրագրին, ինչի արդյունքում եվրոպական տեխնիկայի քանակը կավելանա մեր հանրապետությունում»,-նշեց պաշտոնյան:

Նրա խոսքով' մասնավորի կողմից մեկ մեքենատրակտորային կայան է հիմնվել, վերջերս էլ լիզինգի շրջանակներում շուրջ 200 միլիոն դրամի տեխնիկա է ներմուծվել: «Այն հնարավորություն կտա մեր չօգտագործվող հողատարածքներն օգտագործել»,-հավելեց Ռոբերտ Մակարյանը:

Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են' 20 տոկոս կանխավճար, տարեկան 2 տոկոս լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ' կախված տեխնիկայի տեսակից: