Գյումրիում երկու կանանց դանակահարությունից նոր մանրամաներ են հայտնի:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբույժ Արթուր Նասիբյանը փոխանցեց՝ թեև տուժածները ծանր վիրավորումներ ունեն, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը ներկա պահին համարվում է միջին ծանրության:

ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել «որովայնի աջ պատի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 46-ամյա Հ. Ղ.-ն, և «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 37-ամյա Գ. Ծ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին Գ. Ծ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրիի Վ.Սարգսյան փողոցի 6 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 34-ամյա Գագիկ Կ.-ն դանակով հարվածել է իրենց և պատճառել վնասվածքներ, ապա Հ. Ղ.-ին հրել և գցել շենքի շքամուտքի աստիճաններին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է՝ երկու կամ ավել անձանց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: