Դեկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը պատրաստվում է առաջադրվել Ժուռնալիստների միության ղեկավարի պաշոնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում իր լրագրող ընկերներին տեղեկացրել է Սեյրանյանը՝ նշելով, որ իր համար հետաքրքիր է լսել նաև կարծիքներ և առաջարկներ՝ միության դերի և հետագա անելիքների վերաբերյալ։

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Ժուռնալիստների միության գործող նախագահ Աստղիկ Գեւորգյանն՝ անդրադառնալով Սաթիկ Սեյրանյանի ինքանաառաջադրմանը, նկատեց. «Բացարձակ չեմ խառնվում այդ հարցերին: Ես անցնում եմ հանգստի՝ 40 տարի այդ միությունը ղեկավարելուց հետո, իսկ թե համագումարի ընթացքում ում կառաջադրեն և ում կընտրեն, ինձ չի հետաքրքրում: Ինչ վերաբերում է Սաթիկ Սեյրանյանի ինքնաառաջադրմանը, ապա պետք է ասեմ ,որ թեև ծանոթ եմ նրա հրապարակումներին, բայց թե ինչպիսի կազմակերպչական ունակություններ ունի՝ չգիտեմ, դրանց ծանոթ չեմ: Ինձ համար պարզապես զարմանալի էր, որ Հանրային հեռուստաընկերությունով նրա առաջադրման մասին հայտնեցին: Դա միակ բանն էր, որն ինձ զարմացրեց»:

Աստղիկ Գևորգյանը նաև նշեց, որ, քանի որ միության կանոնադրությունը չի պարտադրում նախապես հրապարակել միության ղեկավարի պաշտոնում հավակնողի կողմից որևէ ծրագիր, ըստ կանոնադրության՝ դա թեկնածուն կարող է ներկայացնել բանավոր՝ հենց համագումարի ժամանակ, ուստի՝  չգիտի նաև, թե Սաթիկ Սեյրանյանն ի՞նչ առանցքային լուծումներ է առաջարկելու, սակայն վստահ է, որ ցանկացած միջոցառում հնարավոր է իրականացնել միայն ֆինանսական հոսքեր ունենալու պարագայում:

Անդարառնալով իր գործունեության ընթացքում միության խիստ պասիվ գործելաոճին, Աստղիկ Գևորգյանը նկատեց. «Քննադատում են՝ թող քննադատեն, թող ասեն՝ ինչ ուզում են, ի՞նչ կա որ, մենք գիտենք միությունն ինչ է արել: Պետք է նշեմ, որ ցանկացած միություն պահելու համար գումարներ են պետք: Միությունը ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով է, որ շատ միջոցառումների չի կարողացել մասնակցել: Իսկ այն, որ քննադատում են, թե լրագրողները չեն ցանկանում միության անդամ դառնալ, ապա պետք է ասեմ, որ դա իրենց գործն է, միութան անդամ դառնալը պարտադիր չէ, լրագրողներն ավելի շատ նախընտրում են գնալ-դառնալ այս կամ այն կուսակցության անդամ, իսկ ես որևէ կուսակցության չեմ պատկանում»:

Հիշեցնենք, որ Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունն արդեն պաշտպանել են 45 ԶԼՄ-ներ՝ տարածելով համապատասխան  հայտարարություն: 

Աղավնի Սուքիասյան