Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը: 

Դատական նիստի ընթացքում փաստաբան Արմինե Ֆանյանը նշեց՝ արդեն 10 օր է, ինչ իր պաշտպանյալ Արմեն Բիլյանը գտնվում է հացադուլի մեջ, և ընդգծեց, որ վերջինս պահվում է իր առողջությանը հակացուցված և անմարդկային պայմաններում: 

Պաշտպանը, դիմելով դատավոր Մակյանին, ասաց, որ ինքը դիմել է ՔԿՀ պետին ու Արդարադատության նախարարին, որպեսզի Բիլյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխեն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ից ինձ հավաստիացում են, որ Ձեր իրավասությունն է  թույլատրել, որպեսզի իմ պաշտպանյալին տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ, և իրենց պնդմամբ՝ Ձեզ դիմել են, որպեսզի Դուք ձեր թույլտվությունը տաք»,-ասաց Ֆանյանը՝ խնդրելով հնարավորինս արագ այդ հարցը լուծել:

Դատավոր Մակյանն ասաց, որ ՔԿՀ-ից մեկ գրություն է ստացել, որտեղ նման պահանջ չկա և ընթերցեց. ««Հայտնում եմ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արմեն Բիլյանը 19.12.2017 թվականին հայտարարել է հացադուլ՝ կապված առողջական խնդիրների հետ: Կալանավոր Բիլյանի հետ խորհրդատվական և բացատրական աշխատանքները շարունակվում են»: Եթե Ձեր ասած հարցով դիմեին, այդ դեպքում գրության բովանդակությունն այլ կլիներ: Հարցին կանդրադառնամ դատական նիստից անմիջապես հետո: Համապատասխան գրություն կուղարկեմ ՔԿՀ, եթե կա  նման խնդրանք, պահանջ, որ դատարանն իր  համաձայնությունը տա, ես գտնում եմ, որ դատարանն այդ հարցը կարող  է առանց դատական նիստի քննարկել»,- ասաց դատավորը:

Պաշտպանն ասաց՝ քանի որ կա հրատապության խնդիր՝ ինքը պատրաստ է գրությունն առձեռն տանել և բերել:

Ամբաստանյալ Արմեն Բիլյանն էլ իր հերթին հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը. «Որքան ուզում է թղթաբանությունը ձգձգեն, կմեռնեմ, բայց հացադուլը չեմ դադարեցնի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր պահանջներից մեկն այն է, որ իրեն տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պայմանները փոքր-ինչ լավ են:

Նշենք, որ գործով անցնում է 10 ամբաստանյալ՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Սեդրակ Նազարյանը:

Այսօրվա նիստում հրապարակվում են գործում առկա գրավոր ապացույցները՝ ամբաստանյալների վնասազերծման ժամանակ նրանց հագուստների առգրավման արձանագրությունները: