«168 ժամ» թերթը գրում է.

«Ռոկիի թունելով այլընտրանքային ուղու գործարկումն այսօր հնարավոր չէ՝ ելնելով քաղաքական պատճառներից: Վրաստանը չի կարող իրեն զոհաբերել, Վրաստանի իշխանությունները չեն կարող ընթանալ ինքնասպանության ճանապարհով:

 

Շվեյցարական ընկերության հետ պայմանագիրը պետք է հրապարակվի, որպեսզի հասարակությունը դադարի մեղադրել Վրաստանի իշխանություններին մութ գործարքների մեջ: Հասարակ քաղաքացուն դժվար է բացատրել բոլոր դետալները: Հայտարարելով դա՝ Կվիրիկաշվիլին թե՛ եվրոպական, թե՛ հայկական կողմին ցույց տվեց այն արձագանքը, որը եղավ Վրաստանում, իսկ դա սկանդալ էր»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով խոսակցություններին, որ  Վերին Լարսի ճանապարհին ֆորսմաժորային իրավիճակում այլընտրանք կարող է դառնալ  Աբխազիայով եւ Հարավային Օսիայով անցնող ճանապարհը՝ (Ռոկիի թունելով):

Ըստ Ցիցնաձեի` Կվիրիկաշվիլիին մեղադրում են Ռուսաստանի հետ գործարքների մեջ, ռուսական շահերին ծառայելու մեջ: «Մեղադրում են, քանի դեռ կարեւոր հարցերի շուրջ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկխոսությունը դրական ճանապարհով չի ընթացել: Իսկ կառուցողական երկխոսություն կարեւոր հարցերի շուրջ գոյություն չունի, ինչպես կարող է հարակից հարցերի շուրջ համաձայնություն լինել: Ռուսաստանի համար ձեռնտու է փակել ընդհանրապես նախկին բոլոր թեմաները եւ հարաբերությունները վերսկսելու փորձեր անել հենց այս կետից՝ ստիպելով Վրաստանին ընդունել 2008-ի պատերազմի արդյունքները, բայց Վրաստանը դա չի անի»,- ասել է  Ցինցաձեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում