«Եկեք սպասենք երկուշաբթիին, որ տեսնենք՝ ինչ է լինում, իհարկե, տնտեսության վրա որոշ ազդեցություն ունենում է», հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ 168 ժամ թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք 2018-ի վարչապետի հարցում անորոշությունը բացասաբար չի ազդում բիզնեսի եւ տնտեսության վրա:
 
Մամուլը շտապեց վարչապետի այս հայտարարությունը դիտարկել իբրև որոշակի բողոք, կամ քողարկված դժգոհություն՝ ուղղված Սերժ Սարգսյանին, ով չի շտապում բացահայտել 2018-ի իր ծրագրերը, դրանով իսկ խորացնելով անորոշությունը ներքաղաքական կյանքում: Դա էլ իր հերթին ազդում է բիզնեսի վրա, նվազեցնելով ներդրումների հոսքը մեր տնտեսության մեջ: Սակայն Կարապետյանի համար թերևս նորություն չի լինի այն, որ Հայաստանում ներդրումներ են անում ոչ թե միջազգային ընկերությունները, կամ գործարարները, այլ իշխանական բուրգին մոտ կանգնած մի խումբ օլիգարխներ, որոնք 2018-ի վերաբերյալ ողջ անորոշությունը կարող են ցրել կուլիսներում՝ Սերժ Սարգսյանի հետ անձնական հանդիպման ժամանակ: Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Սամվել Ալեքսանյանը կամ Սամվել Կարապետյանն անքուն գիշերներ են անցկացնում՝ մտահոգվելով 2018-ի վարչապետի թեկնածության շուրջ: Ակնհայտ է, որ ցանկացած սցենարի դեպքում նրանք իրենց բիզնեսն արդեն իսկ ապահովել են՝ ստանալով երաշխիքներ իշխող համակարգից: Նրանց համար թե՛ Սարգսյանը, թե՛ Կարապետյանը նույն համակարգի ներկայացուցիչ են: Իհարկե, կարող են լինել նեղ անձնական շահեր, սակայն գլոբալ առումով՝ բիզնեսի, քրեաօլիգարխիայի համար էական տարբերություն չկա՝ Սարգսյա՞նը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը թե՞ Կարապետյանը: Այս տեսանկյունից ավելորդ է խոսել Կարապետյանի դժգոհության մասին, վարչապետի հայտարարությունը պարզապես քարոզչական հնարք է ՝ ապահովագրության համար: Դժգոհություն չի կարող լինել այն պարզ պատճառով, որ Կարեն Կարապետյանը շատ լավ գիտակցում էր՝ ինչի է գնում, երբ ստանձնում էր վարչապետի պաշտոնը: Դժվար թե առանցքային հարցերն այն ժամանակ Սարգսյանի հետ համաձայնեցված չլինեին, հետևաբար, եթե Կարապետյանի մոտ կար դժգոհություն, ապա նա կարող էր արտահայտվել այն ժամանակ: Կարապետյանը կարծես թե խնդիր չի տեսել. «եկեք սպասենք երկուշաբթիին, որ տեսնենք՝ ինչ է լինում» մոտեցման մեջ: Մյուս կողմից էլ՝ Կարապետյանը դժգոհելու լեգիտիմ իրավունք չունի մի պարագայում, երբ ինքը հստակ չի ձևակերպել 2018-ի իր իշխանական հայտը:
 
Մի անգամ, երբ Կարապետյանին հարց տվեցին օլիգարխիայի թեմայով, նա պատասխանեց, որ ինքը չի պատրաստվում «միլիցա» դառնալ: Խիստ «ճշտով» պատասխան է, եթե հաշվի չառնենք այն ակնհայտ իրողությունը, որ քրեաօլիգարխիային հնարավոր է հաղթել միայն «միլիցա» լինելով:
 
Ստելլա Խաչատրյան