Ինչպես հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները, Իլհամ Ալիևի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը իսրայելական լրատվամիջոցների միջոցով տարածել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Բաքվի քարոզչական թեզերը: Նա մասնավորապես հայտարարել էր, թե Ադրբեջանը պատրաստ է որոշակի փոխզիջման, ինչպես նաև Արցախին լայն ինքնավարություն տալ՝ Ադրբեջանի կազմում, լիարժեք երաշխավորել այնտեղ բնակվող հայ բնակչության քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքները՝ համաձայն Ադրբեջանի օրենսդրության և միջազգային իրավունքների, ինչպես նաև փոխզիջման:

Անդրադառնալով Ալի Հասանովի հայտարարություններին՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը նշեց, որ Ադրբեջանը հերթական հիմար և իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող «երգն է երգում». «Սա ևս իրականությունից հեռու առաջարկ է: Հայաստանն Ադրբեջանի ներկայիս իշխանության և ադրբեջանական ինստիտուցիոնալ ներկայիս որակի հետ առհասարակ չպետք է լուրջ բանակցություններ վարի: Հայաստանը որևէ կերպ չպետք է նույնիսկ փորձագիտական հանրության  մակարդակով արձագանքի այդ կարգի ստանդարտ և բովանդակազուրկ առաջարկություններին: Փոխարենը պետք է զբաղվի ներքին պետականությամբ և Արցախի կարգավիճակի վերջնական ճշտգրտմամբ, որն այլ բան չի կարող լինել, քան Արցախի լիակատար միացումը Հայաստանի հանրապետության կազմում մի քանի մարզի տեսքով»,- ասաց Քանանյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ ադրբեջանական առաջարկությունները որևէ ինքնավարության մասին, պարզապես անհեթեթություններ են, որոնք մեկնաբանելը նա համարում է ժամավաճառություն:

«Ես նույնպես, որպես Արցախի ազատագրված տարածքի բնակիչ, պատրաստ եմ փոխզիջումների այն իմաստով, որ եթե Ադրբեջանը ճանաչի ցեղասպանության քաղաքականության պարտությունը, հրաժարվի Արցախի նկատմամբ բոլոր ոտնձգություններից, ճանաչի ներկայիս հրադադարի գիծը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահման: Բայց բնական է, որ Ադրբեջանը չի գալու նման համաձայնության»,- նկատեց Քանանյանը՝ անդրադառնալով փոխզիջման մասին Հասանովի հայտարարությանը, ապա ավելացրեց՝ փոխզիջման անվան ներքո ցանկացած բովանդակություն կարելի է դնել, նայած, թե փոխզիջումը ում համար ինչ է: