Հանրապետությունում գրանցված տաք եղանակն առայժմ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին չի անհանգստացնում: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը նշեց, որ կլիմայի փոփոխությունը այս պահին ոչ մի բացասական ազդեցություն չի թողել գյուղատնտեսության վրա:

«Այս պահի դրությամբ հիմնականում իսպառ վերացվել է ցրտահարման ռիսկը: Չնայած դաշտերը բաց են, չկա ձյան շերտ, բայց դրական ջերմաստիճանով աշնանացանի ցրտահարման խնդիրն այս պահին իսպառ վերցված է: Ծառերի ծաղկման վտանգ նույնպես չկա: Կա այսպիսի հասկացություն, կենսաբանական զրո, դա այն է, երբ հողում ջերմաստիճանը լինում է +8, +9 և բավական երկար պահպանվում է, ապա նոր այդ դեպքում սկսում է հյութաշարժությունը: Այս պահին այդ խնդիրը չկա, ծառերը հարաբերական հանգստի շրջանում են»,- ասաց փոխնախարարը:

Ըստ Աշոտ Հարությունյանի` իդեալական տարբերակ կլինի, երբ այս դրական ջերմաստիճանին զուգահեռ լինեն տեղումներ, չդիտվի ձմեռային երաշտ, հետագայում չունենանք ջերմաստիճանի կտրուկ նվազեցում, -8 և ավելի ցածր: Ձյան առատ տեղումների դեպքում էլ կարող ենք ասել, որ բարեհաջող գյուղատնտեսական տարի կլինի:

Նախարարի տեղակալը նշեց, որ այս պահի դրությամբ ջերմոցներում ու ջերմատներում ջերմաստիճանի հետ կապված խնդիրներ չկան, ջերմատներում էներգակիրների ծախսերը կտրուկ նվազել են: Թաղանթի տակ աճեցվող կանաչեղենի գները, նրա կարծիքով, չպետք է  բարձրանան, որովհետև լրացուցիչ էներգիա չի ծախսվել, որը հանգեցներ ինքնարժեքի բարձրացման: 

«Ինչպես գիտեք, ընթացիկ տարում երաշտի պայմաններում անասնապահության ոլորտում ունեցանք խոտի պակասի խնդիր, բայց այս պահի դրությամբ տեսնում ենք, որ իրավիճակն այլ է: Եղել ենք մարզերում, տեսել ենք, որ խոշոր և մանր եղջերավոր կենդանիները դեռևս գյուղամերձ տարածքներում արածում են»,-ասաց նա:

Առիթից օգտվելով` նախարարի տեղակալը մեղվաբուծությամբ զբաղվողներին խորհուրդ տվեց ուշադիր լինել մեղվանոցների նկատմամբ, որովհետև ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, մեղուները սկսում են ակտիվանալ: