Կառավարությունը Երևան-ի Նոր Նորքի Գյուրջյան 13 հասցեում գտնվող N163 հիմնական դպրոցի չօգտագործվող 5-րդ մասնաշենքը անհատույց օգտագործման կհանձնի Աուտիզմ ազգային հիմնադրամին՝ աուտիզմ ունեցող դեռահասների և երիտասարդների համար սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոն հիմնելու նպատակով: 

Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում:

«Հաշվի առնելով Հայաստանում աուտիզմի տարածման չափերը և աուտիզմով երեխաների հասունացման գործոնը՝ հույժ անհրաժեշտ է դառնում դեռահաս և մեծահասակ աուտիստների կրթության և զբաղվածության սոցիալ-աբիլիտացիոն ցերեկային կենտրոնի ստեղծումը, որը ԻՄ ՈՒՂԻՆ է ուսումնա-վերականգնողական կենտրոնի տրամաբանական շարունակությունն է: Արդեն այսօր գործող կենտրոն հաճախող 130 շահառուներից 37-ը դեռահասներ են, իսկ 100-ից ավելի երեխաներ և դեռահասներ ընդգրկված են հերթագրվածների ցուցակում: Հարկ է նշել նաև, որ 2-12 տարեկան երեխաների համար նախատեսված մասնաշենք հաճախում են մոտ 40 դեռահաս և մոտ 150 երեխա և դեռահաս ընդգրկված են հերթագրվածների ցուցակներում, որոնց հնարավոր կլինի որակյալ ծառայություններ մատուցել միայն գործող շենքային պայմաններն ընդլայնելու պայմանով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: