Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հունվարի 9-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Դան Նեկուլեսկուին: 

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Զրույցի ընթացքում պետքարտուղար Նեկուլեսկուն շնորհավորեց դեսպանին, հույս հայտնելով, որ դեսպան Մինասյանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական հարաբերությունների խորացմանը և կարևոր ներդրում կունենա հայ-ռումինական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ երկուստեք հույս հայտնելով, որ այն նոր էջ կբացի ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ ՀՀ-Ռումինիա հարաբերություններում։

Զրուցակիցներն անդրադարձան 2018թ․ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին՝ վստահություն հայտնելով, որ այն առավել կխթանի և կզարգացնի Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների բազմակողմ և երկկողմ համագործակցությունը՝ հաշվի առնելով Ռումինիայի՝ որպես Ֆրանկոֆոնիայի ռեգիոնալ կենտրոնի կարևոր դերակատարությունը:

Կողմերն անդրադարձան նաև տարբեր ձևաչափերում համագործակցության հեռանկարներին, շեշտվեց ղարաբաղյան հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորելու կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Զրույցի ընթացքում Հայաստանի դեսպանը ընդգծեց ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Ռումինիայի վարած քաղաքականության կարևորությունը, որի շնորհիվ մասնավորապես ռումինահայ համայնքը կարողացել է պահպանել իր ինքնությունը, սերտ կապերը Հայաստանի հետ, ինչպես նաև իր նշանակալի ներդրումը բերել Ռումինիայի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մինասյանն ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջև տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ու երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդելու համար»։