ԵԼՔ դաշինքը հունվարի 19-ին երթ է նախաձեռնում ընդդեմ հարկային բեռի ավելացման և թանկացումների: Դաշինքի անդամներն արդեն իսկ կոչով դիմել են քաղաքացիներին, առաջարկելով միանալ իրենց նախաձեռնությանը: ԵԼՔ-ի այս պահվածքը միանշանակ հասկանալի է ընդդիմադիր ուժի համար. վերջիններս փորձում են ամրապնդվել իրենց ամպլուայում և անում են այն, ինչը և ստեղծված իրավիճակում ակնկալվում է ընդդիմադիր քաղաքական ուժից: Ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր մյուս՝ «Ծառուկյան» դաշինքը չի միանա ԵԼՔ-ի վերոնշյալ նախաձեռնությանը, ինչպես և փաստացի մերժեց առաջինը: Չի միանա թերևս երկու պատճառով. նախ՝ «Ծառուկյան» դաշինքն իր պահվածքով ցույց է տվել, որ լուրջ չի վերաբերվում ԵԼՔ-ին, չդիտարկելով քաղաքական համագործակցության հնարավորությունը, մյուս կողմից՝ դաշինքում որևէ մեկը չի բացառել 2018-ին կոալիցիայի մաս դառնալու հնարավորությունը: Ուշագրավն այս պատմության մեջ այն էր, որ ԵԼՔ-ը դիմել էր «Ծառուկյան» դաշինքին՝ նախագահական ընտրություններում միասնաբար հանդես գալու առաջարկով: Եվ սա այն ԵԼՔ-ն է, որի անդամների մեծ մասը նախկինում ՀԱԿ-ից էին ու ՀԱԿ-ից հեռացան չափազանց սկզբունքային այն դիրքորոշմամբ, թե Ծառուկյանի հետ միասնաբար իշխանության դեմ հանդես գալը սխալ է, թե բա խոշոր բիզնեսմենի (կամ իրենց ձևակերպմամբ՝ օլիգարխի) հետ համագործակցելը մեղք է: ԵԼՔ-ի մաս կազմող անհատների մեծ մասը Ծառուկյանի հետ համագործակցությանը դեմ էին այն փուլում, երբ իշխանության համար իրական վտանգ կար, իսկ հիմա նույն Ծառուկյանի հետ համագործակցելու առաջարկ են անում, քանզի անշառ վիճակ է: Իհարկե, «Ծառուկյան» դաշինքում էլ փայլուն հասկանում են ԵԼՔ-ի մանևրերը:
 
Այլ պատճառ է, թե ինչ հիմնվորմամբ է «Ծառուկյան» դաշինքը զերծ մնալու ԵԼՔ-ի վերջին նախաձեռնությանը մասնակցելուց: Ինչպիսի հիմնավորում էլ հանրությանը մատուցվի, «Ծառուկյան» դաշինքը բավականին երկիմաստ վիճակում է հայտնվելու, իսկ դա միանշանակ ձեռնտու է ԵԼՔ-ի, որը ևս մեկ հնարավորություն կստանա կասկածի տակ առնելու «Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր կարգավիճակը: Մյուս կարևոր հարցն այն է, թե ինչպիսի հայտարարություններ են հնչելու հունվարի 19-ին՝ տնտեսական վիճակը քննադատող սուր և հերթապահ հայտարարություննե՞ր, թե՞ ի վերջո առաջ կքաշվի քաղաքական օրակարգ, կարվեն նոր առաջարկներ:
 
Ակնհայտ է, որ ԵԼՔ-ը չունի հանրության լայն զանվածներին մոբիլիզացնելու քաղաքական կշիռ և ռեսուրս, հետևաբար, այս պարագայում երթ անցկացնելու նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան հերթական քաղաքական քարոզչական հնարք, որի միակ նպատակը ընդդիմադիր դաշտում թելադրողի կարգավիճակի ամրապնդումն է: ԵԼՔ-ը չի կարող վտանգ ներկայացնել Սերժ Սարգսյանի իշխանությանն ու իշխանափոխության գնալ, որովհետև նման խնդիր չի էլ դրել ու չէր էլ կարող դնել իր առաջ: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ վակուումի մեջ լցված ընդդիմադիր պոպուլիզմն այլընտրանք չունենա։ Վերոհիշյալի համատեքստում պետք է դիտարկվի վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված կանխատեսելի, վերահսկելի եւ նույնիսկ ապաքաղաքական պառլամենտը։ ՀՀԿ-ն մեծամասնություն է, ՀՅԴ-ն` դաշնակից և արբանյակ, ԲՀԿ-ն` ամբողջապես վերահսկելի, իսկ ԵԼՔ-ը` կանխատեսելի և զրկված ազդեցության իրական գործիքներից:
 
 
Ստելլա Խաչատրյան