Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մեկնարկեց «Սասնա Ծռեր» խմբի գործով արտագնա դատական նիստը:  Մեկնարկից անմիջապես հետո նիստն ընդմիջվեց 3 ժամով, քանի որ ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը գրություն էր ուղարկել դատարան` տեղեկացնելով, որ մեկ այլ դատական նիստի է և միայն ժամը 14:00-ին կարող է ներկայանալ դատարան: Դատարանը որոշեց նիստն ընդմիջել` մինչև պաշտպանի դատարան ներկայանալը:

Նշենք, որ դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, ուստի դատարանը պետք է ամեն բան անի, որպեսզի նրա պահանջը` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ, կատարվի. «Պաշտպանյալիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, ինչն ակնհայտ է: Խնդրում եմ տեղեկացնել` արդյո՞ք որեւէ գրություն դատարանը ստացել է ԱՆ ՔԿՎ-ից եւ արդյո"ք դատարանը որեւէ միջոց ձեռնարկել է իm պաշտպանյալի տեղափոխման հարցում»,- ասաց Ֆանյանը:

 

Դատավոր Մակյանը հայտարարեց, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի առաջին տեղակալի կողմից գրություն է ստացել, համաձայն որի՝ Բիլյանի մոտ ախտորոշվել է հարմարվողականության խանգարում: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և քանի որ «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում առկա են բժշկական օգնության միևնույն պայմանները, ուստի Արմեն Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոփելու անհրաժեշտություն չկա:

Այս ՔԿՀ-ի պատասխանը հրապարակելուց հետո Արմեն Բիլյանը հայտարարեց, որ չի դադարեցնելու հացադուլը. «Ես դուրս չեմ գալու հացադուլից, իմ մահն եք ուզում` կստանա՛ք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր մահվան համար պատասխան են տալու:

Նշենք, որ նիստի ընթացքում Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը վատացավ: Դատական նիստն ընդմիջվեց: