Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամիս հետաձգեց պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը: «Ելք» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկումը հանձնաժողովում հետաձգվեց, քանի որ բացակայում էր հիմնական զեկուցողը:

Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ մինչև երկու ամիս հետաձգում են «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» «Ելք» խմբակցության նախաձեռնության քննարկումը: «Հարցի քննարկումը հետաձգվում է, քանի որ հիմնական զեկուցողը բացակայում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Թովմասյանը:

Նախագծի հիմնական զեկուցողը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն է:

2017թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն Ազգային ժողովի միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա: Արտաշես Գեղամյանը իր հերթին հերքում էր, թե բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա: «Ելք» խմբակցությունը հայտարարել էր, որ հանդես են գալու միջադեպը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: