Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թթ. թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին:

Ըստ հիմնավորման, պետական պահուստների թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը, արժեքը:

 

Թանկարժեք քարերը կվաճառվեն հրապարակային աճուրդների միջոցով, ոչ պակաս արժեքով, քան շուկայական գինն է: Պահուստներից կվաճառվեն 4712 հատ արհեստական քար, 1177 գրամ արհեստական քարերից շարաններ, 256,3 կարատ զմրուխտ, 3575,76 կարատ ադամանդ, ընդհանուր առմամբ ավելի քան 100 կիլոգրամ արծաթյա ու ոսկյա իրեր և այլն: Սրանց նվազագույն արժեքը շուկայական գներով հասնում է ավելի քան 1 միլիարդ 533 միլիոն դրամի:

Կառավարումն արդյունավետ դարձնելու նպատակով հրապարակային աճուրդների միջոցով Պետական գանձարանում գտնվող ոչ բարձր իրացվելի իրերի պետական պահուստներից իրացում:

Ծրագրի իրականացման արդյունքում Պետական գանձարանը կտիրապետի բարձր իրացվելիություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներով, որոնք կայուն կլինեն արդիականությամբ պայմանավորված՝ ժամանակի ընթացքում արժեքային կորստից: