Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Նախագահը հանձնարարականներ էր տվել՝ հանրությանը հստակ պարզաբանումներ տալ այս կամ այն ապրանքատեսակի թանկացման պատճառների մասին, ՏՄՊՊՀ-ին պատվիրել՝  ուսումնասիրել հատկապես հացահատիկի ու ալյուրի շուկաներում գնագոյացումը, ներկայացնել պատճառներն ու առաջարկությունները: Քիչ ուշ՝ ՏՄՊՊՀ-ն տեղեկացրել է, որ արդեն իսկ սկսվել են հիշյալ շուկաներում ուսումնասիրություններ կատարել գնաճի հետ կապված: ի՞նչ է ստացվում՝ մեկ ամիս առաջ իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ էական գնաճի վտանգ չի տեսնում, իսկ այսօր արդեն գնաճի հետևանքների մեղմման լուծումներ է փնտրում: Նախագահը չի՞ տիրապետում նյութին, թե՞ պարզապես իր հերթական շախմատային պարտիան է խաղարկում: Ընդդիմությունը, ի դեմս ԵԼՔ-ի, արդեն իսկ շտապել է մեկնաբանել Սարգսյանի այս քայլը, դիտարկելով այն հունվարի 19-ին սպասվող երթի և հնարավոր սոցիալական բունտի համատեքստում:

 

Ինչ խոսք, իշխանությունների համար  ապրիլին ընդառաջ լարվածություն, այն էլ՝ սոցիալական լարվածություն՝ հարկավոր չէ, սակայն եթե խնդիրը լիներ միայն սեփական ցասումից վախենալը, ապա Հարկային օրենսգիրքը չէր ընդունվի և չէր ստորագրվի ներկայիս տեսքով, քանի որ հետևանքներն ի սկզբանե պարզ էին բոլոր կողմերի համար: Առնվազն միամտություն  է նաև ենթադրել, որ Սերժ Սարգսյանը  վտանգ է զգացել հունվարի 19-ի երթից, քանի որ ԵԼՔ-ի քաղաքական կշիռը և ռեսուրսները բավարար են միայն կտուրներին բակային քարոզ անելու և ԱԺ-ում շոուի մասն ապահովելու համար: Հետևաբար, Սարգսյանի՝ թանկացումները չեղարկելու վերաբերյալ հանձնարարականն անհրաժեշտ է դիտարկել այլ՝ ներքաղաքական, նույնիսկ՝ ներհամակարգային պայքարի հարթության մեջ: Քանի որ իշխող համակարգից դուրս՝ պայքար, որպես այդպիսին, գոյություն չունի: Երեկ Սարգսյանը լուծեց միանգամից երկու խնդիր. նախ՝ նա ինչ-որ չափով մեղմեց սոցիալական լարվածությունը, և այժմ քաղաքացիների մեծ մասը անցնում է սպասման ռեժիմ՝ հասկանալու համար, թե ինչ գործնական քայլերի կդիմի իշխանությունը: Հասկանալի է, որ այս պարագայում սոցիալական բունտի մասին խոսելն ավելորդ է դառնում: Իսկ սպասման ռեժիմն, ամենայն հավանականությամբ, կտևի մինչև ապրիլ, երբ Սերժ Սարգսյանը կխաղարկի իր գլխավոր պարտիան: Մյուս կողմից՝ նախագահն ընդգծեց կառավարության, ասել է թե՝ Կարեն Կարապետյանի և իր տարբերությունը: Ընդ որում, արեց դա վարչապետի բացակայության պայմաններում: Կարեն Կարապետյանը փայլուն գիտակցում էր նոր Հարկային օրենսգրքի հետևանքները՝ այն, որ հունվարի մեկից տոտալ թանկացումներ են լինելու, սակայն ստացվում է՝ ֆորս-մաժորային իրավիճակում վարչապետը մեկնում է արձակուրդ, իսկ երկրի նախագահը շտապ խորհրդակցություն է հրավիրում՝ կառավարության սխալներն ուղղելու ուղիների փնտրելու նպատակով: Կամա թե ակամա՝ թանկացումների մեջ մեղավոր է համարվում Կարապետյանը, իսկ Սարգսյանը հանրությանը ներկայանում է փրկչի կերպարով:

 

Սա այն սցենարն է, որի մասին բազմիցս խոսել ենք: Կառավարության տնտեսական անարդյունավետ քաղաքականությունը կարող է չար կատակ խաղալ Կարապետյանի հետ՝ վերջինիս արժանացնելով նախկին գործընկերների՝ Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի ճակատագրին: Չէ՞ որ նրանք էլ գնացին վաստակած հանգիստը վայելելու՝ հենց Սերժ Սարգսյանի կողմից սահմանված նշաձողից հետ մնալու պատճառով: Սարգսյանը նաև անչափ ուշագրավ հայտարարություն է արել, որով կարծես թե բացում է փակագծերը իր հետագա քաղաքական ծրագրերի մասով. «Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաև ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա»,- խորհրդակցության ժամանակ ասել է նախագահը:Տարվա երկրորդ կեսին Սերժ Սարգսյանը՝ ըստ տրամաբանության և օրենսդրության՝ պետք է լքած լինի  նախագահի պաշտոնը, իսկ իր խոստմանը համաձայն՝ չձգտի նաև վարչապետի հաստիքին: Սակայն Սերժ Սարգսյանը բաց տեքստով հայտարարում է, որ   ապրիլից հետո հենց ինքն է ստանձնելու ՀՀ վարչապետի պաշտոնը:

 

Ստելլա Խաչատրյան