Արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է օդանավակայանների բիզնեսում իր գործունեությունն ավարտելու մասին, գրում է «Bloomberg»-ը: Բուենոս Այրեսի իր գրասենյակում տված հարցազրույցում մեծահարուստ գործարարը նույնիսկ իր բիզնեսի ժառանգորդին է բացահայտել, որը նրա զարմիկն է՝ Մարտին Էռնեկյանը: «Բիզնեսի փոխանցումը խորհրդանշական քայլ չէ միայն: Բաժնետոմսերի վաճառքը առանցքային քայլ է արգենտինացի մեծահարուստի երկար կարիերայի ընթացքում, քանզի նա իր բիզնեսի էստաֆետը հանձնում է իր ժառանգորդին»,-գրում է «Bloomberg»-ը: «Միակը, ով օդանակավակայններով զբաղվելու է, իմ զարմիկն է՝ Մարտին Էռնեկյանը: Ես կհետևեմ գործարքին, որը լինելու է այս ամսվա ընթացքում, և իմ կարիերան օդանավակայանների բիզնեսում՝ կհամարվի ավարտված» ,- հայտարարել է արգենտինացի գործարարը:

«Corporacion America Airports SA» ընկերությունը, որի ենթակայությամբ գործում է աշխարհի 51 օդանավակայան, արգենտինացի գործարարը մտադիր է 750 մլն ԱՄՆ դոլարով վաճառել հունվարի վերջին և փետրվարին: Սա արգենտինական ընկերության բաժնետոմսերի այս տարվա առաջին հրապարակային վաճառքն է: Սա նաև Էռնեկյանի համար նոր սկիզբ է նշանակում: