Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի ոռոգման ջրերի ամբողջ տնտեսությունը ևս կարող է սեփականաշնորհվել և անցնել Սամվել Կարապետյանի վերահսկողության տակ: Դա կարող է տեղի ունենալ արդեն այս տարվա աշնանը: Որպես ֆորմալ հիմնավորում՝ կարող է ներկայացվել ներկայում գործող ՋՕՄ-երի ոչ արդյունավետությունը, որոնք չեն կարողանում բավարարել գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով: Ամբողջ համակարգը, որը, ըստ էության, միլիարդավոր դոլարներ արժե, և որի արդիականացման համար հարյուրավոր միլիոն դոլարների միջազգային վարկեր են ծախսվել, կարող է հանձնվել Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությանը: Վերջերս էլ տեղեկություն էր տարածվել, որ «Տաշիր» ընկերությունը, որին պատկանում է Հայաստանի էներգետիկ ողջ ցանցը՝ ՀԷՑ-երն ու ԲԷՑ-երը, պատրաստվում է գնել նաեւ «Յուքոմ»-ի որոշ բաժնեմասեր:
 
Սամվել Կարապետյանը Հայաստանի տնտեսա-քաղաքական կյանքի առանցքային դերակատարներից մեկն է: Նրա դերակատարությունն առավել նշանակալից դարձավ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումով, հաշվի առնելով Կարապետյանների թե՛ անձնական մտերմությունը, թե՛ աշխատանքային գործընկերությունը: Ավելին, բացառված չէ, որ Կարեն Կարապետյանի նշանակումը հենց Սամվել Կարապետյանի դերակատարության արդյունք է: Թեեւ, հնարավոր է նաեւ տարբերակ, որ Կարեն Կարապետյանին Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում նշանակեց ակնկալիքով, որ մի կողմից կթուլանա Հովիկ Աբրահամյանը, մյուս կողմից՝ Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանին օգնելու համար կավելացնի Հայաստանում ներդրումները, ինչը կնպաստի սոցիալ-տնտեսական իրավիճակի որոշակի մեղմացմանը:
 
Այժմ Սամվել Կարապետյանի բիզնեսի ցանկացած ընդլայնում դիտարկվում է իբրև ապրիլից հետո գործող վարչապետի՝ իր պաշտոնում մնալու որոշակի երաշխիք: Ասել է թե՝ Սամվել Կարապետյանը ներդրում է անում Կարեն Կարապետյանի քաղաքական ապագայի համար: Սակայն Սամվել Կարապետյանի խոշոր ներդրումները Հայաստանում խոշոր քաղաքական ազդեցության հասնելու նրա հավակնության իրականացմանը չեն միտված, այլ պարզապես արտահայտում են վերջինիս բիզնես շահը: Սամվել Կարապետյանն առաջին հերթին գործարար է և բազմիցս է հայտարարել, որ քաղաքականության մեջ մտնելու ցանկություն և նպատակ չունի: Այն էլ մեր քաղաքական դաշտ, որտեղ նա ի սկզբանե ունի իր քվոտան օլիգարխիկ տնտեսա-քաղաքական համակարգում: Այդ քվոտան ապահովագրված է՝ անկախ նրանից, թե ապրիլից հետո Կարեն Կարապետյանը կշարունակի՞ պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, թե՞ կդառնա, ասենք, փոխվարչապետ: Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Կարեն Կարապետյանը՝ օլիգարխիայի համար նույն համակարգի ներկայացուցիչներ են, հետևաբար, Սամվել Կարապետյանի առջև որևէ ընտրություն չկա: Ի տարբերություն դրսի ներդրողների՝ Սամվել Կարապետյանի համար ռիսկայնությունը շատ ավելի քիչ է, քանի որ նա հենց այս տնտեսական օլիգարխիկ համակարգի խաղացող է, ով գործում է խաղի կանոններին համապատասխան: Գործարարը հմտորեն օգտվում է այն փաստից, որ կառավարությունն ի վիճակի չէ արտաքին կապիտալ ներգրավել և ընդլայնում է իր բիզնեսը: Անգամ եթե նա գնի Հայաստանի ոռոգման ջրերի ողջ համակարգը, դա հարկավոր է դիտարկել Կարապետյանի բիզնես շահերի, այլ ոչ թե «ներդրումներ քաղաքական իշխանության դիմաց» գործարքի շրջանակում:
 
Ստելլա Խաչատրյան