«Էդուարդ Էռնեկյանը 85 տարեկան մարդ է և բնական է, որ զուտ ֆիզիկապես կարող է չհասցնել և ցանկություն էլ չունենալ նույն տեմպով շարունակելու գործունեությունը բիզնես ոլորտում: Էռնեկյանի տարիքն իրենն արդեն ասում է և, հավանաբար, այս հանքամանքով պայմանավորված էլ, որոշել է այլևս չզբաղվել օդանավակայանների բիզնեսով և այն հանձնել իր զարմիկին, ի դեպ՝ նույն կերպ վարվեց նաև մեկ այլ մեծահարուստ՝ Քըրք Քրքորյանն, ով իր կապիտալների զգալի մասը փոխարինեց իր դուստրերին»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանն՝ անդրադառնալով Bloomberg գործակալության հրապարակմանն, ըստ որի, Արգենտինայի ամենահարուստ մարդկանցից մեկը` հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը, ով նաև «Corporacion America Airports SA» ընկերության սեփականատերն է, որոշել է օդանավակայանների կառավարումը հանձնել զարմիկին` Մարտին Էռնեկյանին։

 

Հարցին՝ ի՞նչ կստացվի, եթե Էդուարդ Էռնեկյանի զարմիկը նույնքան հայրենասեր չլինի և որոշի փոփոխություններ կատարել «Զվարթնոց» օդանավակայանի կառավարման համակարգում, Ատոմ Մարգարյանը պատասխանեց, որ օդանավակայանի կառավարումը հանձնված է կոնցեսիոն կառավարման, ինչը ենթադրում է որոշակի ամրագրված միջազգային չափանիշներ, ուստի չկա վտանգ, որ կարող է  օդանավակայանի ճակատագիրը փոխվել նոր կառավարչի դեպքում. «Հնարավոր չէ, որ ստացվի այնպես, որ վաղը կամ մյուս օրը օդանավակայանը վաճառեն կամ անեն այնպես, որ այն այլ ծառայություններ մատուցի: Նման բան հնարավոր չէ: Կոնսեցիոն կառվարման հանձնված «Զվարթնոց» օդանավակայանի գործունեության համար ամրագրված են միջազգային չափանիշները, որոնք ֆիքսված են և հնարավոր չէ փոխել: Օդանավակայանը պետք է պահպանի իր պրոֆիլն ու մատուցի նույն ծառայությունները: Այս առումով՝ կառավարչի փոփոխությունը որևէ վնաս չի կարող հասցնել»,-ասաց Մարգարյանը:

Հիշեցնենք, որ հայտնի արգենտինահայը հայտարարել է, որ ինը որոշել է IPO անցկացնել (բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առաջին հրապարակային վաճառք), որից հետո օդանավակայանները կկառավարի իր զարմիկը։ «Ես կհետևեմ ամսվա վերջին նախատեսված գործարքին։ Ես իմ կարիերան ավարտում եմ օդանավակայանների ոլորտում»,- ասել է Էռնեկյանը։

Նշենք, որ Corporacion America Airports SA-ն խոշոր կորպորացիա է, որի տնօրինության տակ 51 օդանավակայան կա: Նրանցից մեկն էլ «Զվարթնոց» օդանավակայանն է: 

 Աղավնի Սուքիասյան