«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները կրկին Կառավարության շենքի դիմաց են: Նրանք իրենք բողոքն են արտահայտում կառավարության հաստատած որոշման դեմ, ըստ որի՝ ապրիլի 1-ից  սահմանափակվելու է աջ ղեկով մեքենաների ներկրումը և գրանցումը:

Նրանք նշում էին, որ խախտվել է իրենց հետ եղած պայմանավորվածությունը. «Հունվարի 8-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հանդիպում էինք պահանջում վարչապետի հետ, սակայն մեզ մոտեցավ Տրանսպորտի և կապի նախարարությոան ներկայացուցիչը և տեղեկացրեց, որ վերահաշվառման արգելքը հանվել է: Բայց մենք բազմիցս ասել ենք, որ հաշվառման արգելքի հանվելը որևէ կերպով չի ընկալվում որպես փոխզիջում, քանի որ մենք գտնում ենք, որ այն հակասահմանադրական է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից մեկը: 

 

Նրա խոսքով՝ թե՛ Տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչը, թե՛ կառավարության ներկայացուցիչ Ղազարյանը, ով այսօր ևս հանդիպեց աջակողմյան ղեկով մեքենաների վարորդներին, հավաստիացրել էին, որ պատրաստ են բանակցային գործընթաց սկսել՝ կապված որոշման հետ. «Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հունվարի 12-ին ներկայացնելու ենք մեր առաջարկությունները, վիճակագրական տվյալներ ենք հավաքագրել՝ կառավարություն ներկայացնելու համար, սակայն երեկ ականատես եղանք՝ Կապի և տրանսպորտի նախարարը նախագիծը ներկայացրել է կառավարություն, որն ընդունվել է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դա անակնկալ էր իրենց համար և արձանագրում է, որ պայմանավորվածության խախտում է տեղի ունեցել:

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները պատրաստվում են շարունակել պայքարը, քանի որ ըստ իրենց՝ առաջարկները չլսելով՝ քայլ են կատարել՝ խաբելով ժողովրդին:

Լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com