Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում աշխատող ԱՊՊԱ գործակալները ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին տեղեկացրին, որ Պետական եկամուտների կոմիտեն Բագրատաշենի մաքսակետին հարակից տարածքում գործունեություն ծավալող 6 ապահովագրական ընկերություններին առաջարկել է հավասար պայմաններ «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի հետ՝ նույն տարածքում աշխատելու համար: 

Փաստորեն, «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի հետ միասին ապահովագրական 6 ընկերությունները հնարավորություն ունեն աշխատելու մաքսատան միևնույն տարածքում:

«Թեև տարածքը փոքր է, բայց 6 տարբեր ընկերությունների ներկայացուցիչներս աշխատելու ենք նույն գրասենյակում, հավասար պայմաններում: Հաճախորդը հնարավորություն կունենա ընտրություն կատարելու, թե որ ընկերությանը դիմի ԱՊՊԱ-ի համար»,- ասաց մեր զրուցակիցը:

ԱՊՊԱ իրականացնող տնտեսվարողները գոհ են առաջարկից այնքանով, որ վերանում է մենաշնորհային դիրքը և իրենք «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի հետ ունենալու են հավասար պայմաններ: Իսկ այն ընկերությունները, որոնք մի քանի գործակալ ունեն՝ օրերի, ժամերի կբաշխեն աշխատանքները, որպեսզի մարդիկ չզրկվեն  աշխատանքից:

Հիշեցնենք՝ վերջին օրերին Բագրատաշենի մաքսակետի մուտքի մոտ հավաքվել էին ԱՊՊԱ իրականացնող ընկերությունների աշխատակիցները և բողոքում էին անհավասար պայմաններից, ինչի արդյունքում անգործ են մնացել։ Բանն այն է, որ հունվարի 1-ից Բագրատաշենի մաքսակետի տարածքում ավտոմեքենաների ապահովագրություն էր կատարում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, իսկ մաքսակետի հարակից տարածքում տարիներ շարունակ գործող ապահովագրական 6 ընկերությունների 70-80 աշխատող գործազուրկ էին մնացել: Մաքսատանն ապահովագրական գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները հավասարապես վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս, մինչդեռ նախորդ ամսվանից «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն ստացել էր արտոնություն մյուսների նկատմամբ՝ իր գործունեությունն իրականացնելով անցակետի տարածքում։

Օրերս ԱՊՊԱ իրականացնող տնտեսվարողները գրավոր դիմումներ են ներկայացրել ՊԵԿ նախագահին և վարչապետ Կարեն Կարապետյանին, որպեսզի մենաշնորհային դիրք զբաղեցնող «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին թույլ չտալ գործունեություն իրականացնել Բագրատաշենի մաքսատան տարածքում կամ մյուս ընկերություններին ևս հնարավորություն տալ մաքսատան տարածքում աշխատել:

Հավելենք՝ հունվարի 9-ից դադարեցվել էր «Թոփ-Սփին» ապահովագրական ընկերության  գործունեությունը Բագրատաշենի մաքսակետի տարածքում:

Սոնա Հարությունյան