ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով իր հայտարարությանը, թե 2018թ. աշխարհի առաջնությունում, եթե Հայաստանի հավաքականը մրցաշարում չընդգրկվի, հրաժարական կտա, ասաց. «Միանգամից հիասթափեցնեմ՝ ես չեմ պատարաստվում հրաժարական տալ: Ինչ խոսք՝ հիասթափվողները շատ են լինելու, հաշվի առնելով այն խայտառակ  ընտրական շրջափուլը, որը 2017-ին գրանցեց մեր ազգային հավաքականը:

2018 թվականը նույնպես հայկական ֆուտբոլի համար սկսվեց սկանդալով: Օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին՝ կասկածներ ունենալով, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացած Հայաստանի առաջին խմբի 2017/18 մրցաշրջանի «Լոռի»-«Էրեբունի» հանդիպումը, որն ավարտվել է 5։0 հաշվով, պայմանավորված է եղել։ Այս օրերին, երբ հայկական ֆուտբոլը ծանր օրեր է ապրում, ծախված հանդիպումների մասին աղմուկը կարող է ուղղակի կործանարար ազդեցություն ունենալ: Այսօր կան մարդիկ, ովքեր ցանկանում են ներդրումներ անել, ակումբներ հիմնել Հայաստանում: Ու հույսի այս ֆոնին՝ խայտառակ մի պատկեր: Ի՞նչ է պատրաստվում անել Ռուբեն Հայրապետյանն՝ այդ պատկերը շտկելու համար: Միայն ԱԱԾ-ին դիմելով վիճակը կշտկվի՞: Պարզվում է՝ նա գտել է լուծումը: ՀՖՖ նախագահը պատրաստվում է օտարերկրա մասնագետներ հրավիրել, որոնք կաշխատեն մեր պատանեկան հավաքականների հետ: Մեր երկրում Հայրապետյանը շարունակ ֆուտբոլային ակադեմիաներ է բացում: Ֆուտբոլի դպրոց էլ չէ, ինստիտուտ էլ չէ՝ ակադեմիա: Ֆուտբոլից հեռու մարդը, լսելով ֆուտբոլի ակադեմիա արտահայտությունը, կմտածի՝ Հայաստանում ֆուտբոլային ակադեմիկոսների են կրթում: Սա՞ է ձեր ակադեմիաների սերունդը: Այժմ էլ արգենտինացիներն են գալիս՝ սպորտաձևը վերջնական խայտառակությունից փրկելու համար:

Հայրապետյանի այս քայլն, ըստ էության, շտապ օգնություն է հայկական ֆուտբոլի և անձամբ իր համար: Միևնույն ժամանակ, թե՛ փորձագետները, թե՛ հայ ֆուտբոլասերները մեծագույն հոռետեսությամբ են մոտենում Հայրապետյանի այս հեղափոխան փոփոխություններին: Ընդհանրապես, տպավորություն է, որ Հայրապետյանի ցանկացած քայլ դատապարտված է քննադատության: Ժամանակին, երբ Հայրապետյանն ավանդույթ էր դարձրել հարցերը լուծել ոչ այնքան օրինական ճանապարհով, նման գործելաոճն օբյեկտիվորեն քննադատվում էր: Այսօր, երբ ՀՖՖ նախագահը դիմում է ԱԱԾ-ին՝ ֆուտբոլային հանդիպման ծախված լինելու հարցով հանրությունը նրան ներկայացնում է ոչ ավել, ոչ պակաս՝ «գործ տվողի» կերպարով: Խնդիրը թերևս այն է, որ ՀՖՖ նախագահի հանդեպ չկա հանրային վստահություն, և քանի դեռ նրա գործունեությունը, որին մեկ տարի է մնացել՝ չի տվել գործնական՝ պտուղ հաղթանակների տեսքով և ֆուտբոլի որակի շեշտակի բարձրացման՝ այդ վստահությունը չի վերականգնվի: Հայրապետյանը կարող էր այս տարիների ընթացքում գործով ապացուցել, որ սրտացավ է հայկական ֆուտբոլի համար: Ազգային հավաքականից երես են թեքել հազարավոր երկրպագուներ: Նրանք պնդում են, որ հավաքականն այլևս ֆուտբոլասերինը չէ, այլ «Նեմեց Ռուբոյինը»: Այսօր հենց նա է որոշում՝ ով պետք է խաղա հավաքականում և ում ոտքը չպետք է լինի ազգային թիմում: Ու այսօր չկա «դուխով» մարզիչ, ով ՀՖՖ նախագահի կամքին հակառակ հավաքական կհրավիրի, ասենք, Յուրա Մովսիսյանին: Որքա՞ն պետք է շարունակվեն բռնատիրական, մղձավանջ հիշեցնող կարգերը հայկական ֆուտբոլում: Այդ հարցի պատասխանը թերևս ունի միայն Ռուբեն Հայրապետյանը…

 

Ստելլա Խաչատրյան