Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ հունվարի 17-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարվի: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նիստի ընթացքում քննարկվելու են ներքին և արտաքին քաղաքական զարգացումները: Կարևորագույն հարցերից է լինելու ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրությունը 6-րդ անգամ երկարաձգելու հարցը:

Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո' հուլիսի 21-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հետագայում երկարաձգվել էր ևս 5 անգամ: Հայտարարված արտակարգ դրության ժամկետը ավարտվում է հունվարի 19-ին:

Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու հրամայականով: