ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էրկատարել՝ հորդորելով օգնել վիրավոր զինծառայողներից մեկին՝ բարդ վիրահատության կազմակերպման համար: Այս գրառմանը հաջորդեց նախարար Սարգսյանի մեկ այլ գրառում, որով նա տեղեկացնում էր, որ վիրավոր զինվորի բուժման համար  ևս 11.000 դոլար է  նվիրաբերվել. «Սիրելի ընկերներ, հենց նոր իմ երկու ընկերներ հայտնեցին Ալբերտի բուժման համար ևս 11.000 նվիրաբերելու մասին։ Մեր սիրելի խմբավար Կարեն Դուրգարյանը՝ 1000 և Փարիզից Ռայմոնդ Եզեկուլյանը՝ 10.000 ԱՄՆ դոլարի չափով»:

Արձագանքելով նախարարի այս գրառմանը՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նախարարին հարց էր ուղղել. «1000 դրամները պրծա՞ն, թե՞ թազա բոշության ձև ա»:

 

Օգտատիրոջն ի պատասխան՝ նախարարը պատասխանել էր շատ կարճ և կոնկրետ. «Բոշան դու ես»:

Նախարար Սարգսյանի հենց այս պատասխանն էլ դարձավ հասարակական դժգոհության առիթ: 

ԼՈւՐԵՐ.com-ը ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ   Արծրուն Հովհաննիսյանից հետքրքվեց՝ ինչո՞վ  է պայմանավորված նախարարի այս պատասխանն ու արդյո՞ք նախարարն անձամբ է վարում ֆեյսբուքյան իր էջը:

Հարցերին Արծրուն Հովհաննիսյանը ևս պատասխանեց շատ կարճ. «Նախարարն անձամբ է վարում ֆեյսբուքյան իր էջն, իսկ գրառման հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ ցանկանում անել»: