Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը մեղադրել է Միացյալ Նահանգների գործընկերոջը ոչ հարիր վարք դրսևորելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Բոզդաղի հայտարարությունը կապ ունի Միացյալ Նահանգների նոր որոշման հետ, համաձայն որի՝ իրենք Սիրիայում գործող քրդական «Սիրիական դեմոկրատական ուժեր»-ի հետ պատրաստվում են պաշտպանական ուժեր ստեղծել, որոնք կպայքարեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Թուրքիայի փոխվարչապետը նշել է, որ ԻՊ դեմ պայքարելու պատրվակով Քրդական բանվորական կուսակցության (PKK) սիրիական թևին մինչ օրս տրամադրվող աջակցությունն առջիկայում ավելի մեծացնելու ԱՄՆ մտադրությունը չի տեղավորվում բարեկամական և գործընկերային համագործակցության շրջանակում:

«Թուրքիան չի խուսափելու ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, եթե երկրի ու տարածաշրջանի անվտանգությանը որևէ բան սպառնա: Ինչպես ասել է նախագահը՝ «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»,- հայտարարել է Բոզդաղը՝ կրկնելով թուրք ազգայնականներին պատկանող հայտնի արտահայտությունը, որը վերջերս պարբերաբար կրկնում է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը:

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան մտադիր է Սիրիայում ստեղծել սահմանների անվտանգության ուժեր՝ համագործակցելով «Սիրիական դեմոկրատական ուժերի» հետ: Կոլաիցիայի մամուլի խոսնակ Թոմաս Վիլը հայտնել է, որ ակնկալվում է, որ ուժերի կազմում ներգրավված է լինելու շուրջ 30 հազար մարդ: Նրանք տեղակայվելու են Թուրքիայի և Իրանի սահմանի երկայնքով:

Խնդրի առնչությամբ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայի ԱԳՆ-ն:

«Սիրիական դեմոկրատական ուժեր»-ն ընդդիմադիր դաշինք է, որի կազմում ներառված են մեծապես քրդեր, ինչպես նաև արաբներ և այլ էթնիկ ներկայացուցիչներ: Այնկազմավորվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ ԻՊ դեմ պայքարելու նպատակով: