ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» սկանդալային օրենքի ընդունումից հետո նախարարը կրկին հայտնվեց հասարակության քննադատության թիրախում: Այս անգամ քննադատության պատճառ դարձավ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին աջակցություն տրամադրելու համար իրականացվող հանգանակությունը

Նախարար Սարգսյանի նախաձեռնությամբ ֆեյսբուքյան տիրույթում սկսվեց դրամահավաք, ինչը խիստ բացական արձագանք ստացավ օգտատերերի կողմից: Բանն այն է, որ մարդիկ, դեմ չլինելով զինվորին օգնելու հարցին, միևնույն ժամանակ կոչ էին անում նախարարին՝ չիջեցնել Պաշտպանության նախարարի հեղինակությունը, ուշադրություն դարձնել բազմաթիվ հիմնադրամներում կուտակված գումարներին, բացի այդ՝ գումարը հավաքագրել մեծահարուստ պաշտոնյաներից, առնվազն՝ կրճատել ծառայողական մեքենաների թիվը և իջեցնել դրանց շքեղության մակարդակը:

 

Այս համատեքստում ԼՈւՐԵՐ.com-ը հրապարակում է ՀՀ Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը, որոնք ունեն միայն պաշտոնական բնույթ, իսկ ինչպես հայտնի է, այս հայտարարագրերը չեն արտացոլում պաշտոնյաների իրական ֆինանսական կարգավիճակը:

Եվ այսպես՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի՝ պաշտոնը ստանձնելու տարում ներկայացված հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հակոբյանը 2016 թվականի հոկտեմբերի 10-ին հայտարարագրել է երեք տիպի անշարժ գույք, որոնցից մեկը բազմաբնակարան շենքում է, մյուսն առանձնատուն է՝ իր տնտեսական շինություններով, իսկ երրորդը՝ հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինություն:

Նա հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ RANGE ROVER SPORT Supercharged 4.2:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել են 5,965,212 ՀՀ դրամ:

Մովսես Հակոբյանը այս հայտարարագրից չորս ամիս անց՝ 21-02-2017  ներկայացրել է նոր հայտարարագիր, որտեղ նրա դրամական միջոցները կազմել են 7,976,055 ՀՀ դրամ:

Հակոբյանի այս հայտարարագրում տվյալներ չկան նրան պատկանող շարժական և անշարժ գույքի, պաշտոնատար անձի՝ հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունների մասին:

ԼՈւՐԵՐ.com-ի ուշադրության կենտրոնում են նաև Մովսես Հակոբյանի տեղակալների հայտարարագրերը:

2009 թվականից մինչ այժմ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանն իր առաջին հայտարարագիրը ներկայացրել է 2014 թվականին:

 

Նա  հայտարարագրել է միայն աշխատանքի վարձատրություն և /կամ/ դրան հավասարեցված այլ վճարումներ, որոնք  կազմել են 6,427,524 ՀՀ դրամ: 

Շարժական և անշարժ գույքի, թանկարժեք իրերի և փոխառությունների մասին որևէ տեղեկություն՝ 2014 թ.-ի հայտարարագրում չկա: 

 

2015 թվականի տարեկան հայտարարագրում ևս Ստեփան Գալստյանը հայտարարագրել է միայն աշխատավարձի չափը, որը նույնն է՝ 6,427,524 ՀՀ դրամ: 

Գլխավոր շտաբի պետի տեղակալի՝ վերջին՝ 2016 թվականի հայտարարագրում ևս նրա աշխատավարձի չափը չի փոխվել՝ կազմել է 6,427,524 ՀՀ դրամ: Նրա վերջին հայտարարագրում ևս այլ տեղեկություններ չկան: Ստեփան Գալստյանի մասին առավել շատ խոսվեց վերջին դեպքերի ժամանակ, երբ Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ պաշտոնից հեռացվեց հայտնի գենարալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Խոսվում էր այն մասին, որ Բաղմանյանի հետ միասին պետք է համակարգը լքեր նաև Ստեփան Գալստյանը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մեկ այլ տեղակալ՝ Օնիկ Գասպարյանը նույնպես, չի հայտարարագրել ոչ անշարժ գույք, ոչ էլ որևէ թանկարժեք իր:

Պաշտոնյան 19-07-2016թ. հայտարարագրել է մեկ բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյան

Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3,283,662 ՀՀ դրամ, իսկ աշխատանքի վարձատրությունը՝  3,283,662 Հհ դրամ: 

2017-ի ներկայացված հայտարարագրում Օնիկ Գասպարյանը նշել է միայն աշխատավարձի չափը՝ 3,172,630 ՀՀ դրամ:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցն, ի տարբերություն իր վերադասի, 2017 թվականին հայտարարագրել է 5 անշարժ գույք: 

Աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումների չափը կազմում է 3,240,000 ՀՀ դրամ: 

Похожее изображение

Նշենք, որ այս պաշտոնը Քոչունցը  զբաղեցնում 2013թ, իսկ մինչ այդ էլ զբաղեցնում էր ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը»։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի համեմատ բավականին պատկառելի հայտարարագիր է ներկայացրել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Առաքել Մարտիկյանը: Պաշտոնյան հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ մեկը բնակարան, մյուսը՝ հողամաս:

 

 

Մարդատար մեկ տրանսպորտի միջոց՝ MERCEDES-BENZ E320 CD: Մարտիկյանի հանձնած փոխառությունները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմում են 20 000 ԱՄՆ դոլար:

Դրամական միջոցները կազմում են՝ 2 մլն ՀՀ դրամ, 10 000 ԱՄՆ դոլար և 1,500,000 ռուբլի: 

Աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումների չափը կազմել է 22,030.67ԱՄՆ դոլար: